Մոսկվայի դատարանը մերժել է WSJ-ի լրագրողի դիմումն իրեն տնային կալանքի ենթարկելու մասին. նիստին ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանը
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի դիմումը կալանքը որպես խափանման միջոց փոխելու և իրեն տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ: Լրտեսության մեջ մեղադրվող լրագրողը կշարունակի մնալ Լեֆորտովոյի բանտում առնվազն մինչև մայիսի 29-ը:
Մոսկվայի քաղաքային դատարանի նիստը լուսաբանել է ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների մի քանի տասնյակ լրագրող: Դատարան է եկել նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր գործընկերների հետ միասին:
Գերշկովիչին կալանավորելու որոշման բողոքարկումը դատարանը քննել է փակ ռեժիմով, ինչպես տեղի է ունենում լրտեսության մասին գործերի դեպքում: Որոշման հրապարակման ժամանակ թույլ են տվել դատարանի դահլիճ մտնել մի քանի լրագրողների և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը:
Ըստ CNN-ի՝ դեսպան Լին Թրեյսին հայտնել է, որ Գերշկովիչի հետ խոսել է ապրիլի 17-ին, և որ նա ուժեղ է, իսկ առողջական վիճակը՝ լավ:
Դատարանի որոշումից հետո Թրեյսին հայտնել է, որ Էվան Գերշկովիչի դեմ մեղադրանքներն անհիմն են: Նա Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:
31-ամյա Էվան Գերշկովիչին ձերբակալել էին մարտի 30-ին Եկատերինբուրգում, ուր նա մեկնել էր գործուղման: Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ լրագրողին մեղադրում են ԱՄՆ կառավարության օգտին լրտեսություն անելու մեջ: Նշվում է, որ ամերիկացի լրագրողը պետական գաղտնիք պարունակող տվյալներ էր հավաքագրում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին: