«Մտրակային քաղաքականությունը» սխալ է. ՆԳՆ նախկին նախարարը` մունիցիպալ ոստիկանության մասին

Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը սխալ է համարում մայրաքաղաքում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու նախաձեռնությունը։ Այս մասին Աբրահամյանն ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նշենք, որ այն նախաձեռնության մասին ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դա լինելու է Պարեկային ծառայության բարեփոխումների շարունակությունը։

«ՆԳՆ և ոստիկանության արդեն տրաֆարետ դարձած հերթական բարեփոխումների պարագայում պետք է փոքր–ինչ զգույշ լինել։ Ոստիկանությունն իշխանության և հասարակության միջև է։ Չպետք է ինքնանպատակ լինի այն, որ եթե որևէ զարգացած երկրում նման մոտեցում կա, ուրեմն պետք է այստեղ էլ լինի։ Պետք է հասկանալ, թե ինչի համար է անհրաժեշտ հերթական կառույցի ստեղծումը»,– ասաց Աբրահամյանը։

ՆԳՆ նախկին ղեկավարը շեշտեց՝ այդպես չի կարելի, քանի որ այն հարցերը, որոնք այդ պահին տվյալ կառույցի ստեղծմամբ լուծվում են, հետագայում իշխանության համար դառնում են ամենավարկաբեկիչ հանգամանքը։

«Արդյոք հասարակական, քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակները պահանջում են, որպեսզի ստեղծվի մունիցիպալ ոստիկանություն։ Այն պայքարելու է ապօրինի շինարարությունը կանխելո՞ւ, փողոցային առևտուրը կարգավորելո՞ւ ուղղությամբ»,– նշեց Աբրահամյանը։

Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցով

Նա շեշտեց, որ այս կամ այն հարցը լուծելու համար «մտրակային քաղաքականությունը» ներդնելը սխալ է, այն էլ երբ այդ երևույթի հիմքում մարդկանց սոցիալական վիճակն է, օրվա հաց վաստակելու խնդիրը։ Նկատեց` «մտրակով» հերթական ոստիկանին ստեղծելը խնդրի լուծում չէ։

Աբրահամյանը հարցնում է՝ արդյոք ՀՀ–ն ի վիճակի է նման ծախսեր անել այսքան շատ ուժային կառույցների վրա, այն էլ երբ սահմաններն անպաշտպան են, դիրքերում ամրակայումների խնդիր կա։ Եզրափակելով իր խոսքը` ՆԳՆ նախկին նախարարը հավելեց` ոստիկանական ուժերի ծառայողներին շատ հաճախ օգտագործում են իշխանությունը պահելու համար։

Տեսանյութեր

Լրահոս