Հինգ տարի անց
Հայաստանում ու Հայաստանից դուրս շատերը մեծ հույսեր էին կապում իշխանափոխության հետ։ Կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո երկրում կուտակված խնդիրները մեկ հարվածով լուծվելու են։
Վերանալու են նախկին բոլոր արատավոր երևույթները, մարդիկ գոհ ու երջանիկ ապրելու են իրենց երազած Հայրենիքում։
Չի լինելու կաշառակերություն, կոռուպցիա, հովանավորչություն, պետական պաշտոններին այլևս չեն նշանակվելու ծանոթ-բարեկամներ։ Միլիոներ չեն ծախսվելու ծառայողական մեքնաներ գնելու համար, ծառայողական մեքանաների թիվը կտրուկ կրճատվելու է։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, որի խնդիրը հասարակական տրանսպորտի աշխատանքին հետևելն է, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, աշխատանքի կգնա ոչ թե ծառայողական մեքենայով, այլ հասարակական տրանսպորտով։
Կկրճատվի պետական անիմաստ ծանրաբեռնված ապարատը, չի լինելու նախկին թալանը, թալանածն էլ հետ է բերվելու ու բաժանվելու քաղաքացիներին։
Կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, սոցիալական մյուս վճարները։
Ներդրողներն իրար հերթ չտալով՝ գալու են Հայաստան, տնտեսությունը ծաղկելու է։
Այնքան փող են հավաքելու, որ պետությունն այլևս վարկեր չի վերցնելու ու պարտքերը չի ավելացնելու։ Թալանած փողերի մի մասն էլ բերելու են ու պարտքերը փակեն։
Քաղաքացին դադարելու է տուգանքի մատերիալ լինել, վերանալու են կարմիր գծերն ու արագաչափերը, չեղարկվելու են վարկերն ու վարկային չկատարված պարտավորությունների դիմաց կուտակված տույժերը։
Այլևս չեն գնալու Հայաստանից, արտագաղթը փոխվելու է մեծ ներգաղթի։
Իշխանությունն էլ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատկանելու է ժողովրդին։
Ժողովուրդը երբ ուզի՝ կփոխի իշխանությանը։ Իշխանությունն այլևս կառչած չի լինելու աթոռներից։
Մի խոսքով, մարդիկ գոհ ու երջանիկ ապրելու են ապահով Հայաստանում ու վայելելու են կյանքը։
Թե ինչ եղավ իրականում, հայտնի է։ Ոչ միայն չտեսան իրենց երազած երջանիկ ու ապահով Հայաստանը, այլև եղածն էլ կորցրին ու ստիպված են ամեն պահ ապրել վախի ու անզորության մեջ, «վայելել մահվան ու տառապանքի սպառնալիքը»։ Խոստացված ապահով Հայաստանի փոխարեն՝ հազարավոր զոհեր ու կորուստներ տեսան, շատերը, ուղղակի, այսօր էլ տեսնում են, բայց էլի չեն սթափվում։ Երբ թշնամի երկրի ղեկավարը սպառնում է ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, ու անգամ Երևանն է համարում իր նախնիների հայրենիքը, իսկ Հայաստանի իշխանությունները ձեն-ծպտուն չեն հանում, վախենում են, որ խոսեն, կարող է ավելի վատ լինել։ Թշնամին, որը նախկինում չէր համարձակվում Հայաստանի սահմաններին մոտ գալ, Արցախի հարցը համարում է լուծված, հիմա էլ Հայաստանի հարցերն է ուզում լուծել. տարածքներ են գրավում ու նոր սպառնալիքներ ստեղծում։
Սա է այն «ապահով Հայաստանը», որը բերեցին ժողովրդին։
Անգամ տարրական խնդիրները, որոնցով տարիներ շարունակ կերակրում ու սրսկում էին ժողովրդին նախկինների դեմ, արհամարհեցին ու անտեսեցին։
Նախկինների ծառայողական մեքենաներից էին բողոքում, եղածներով չբավարարվեցին։ Միլիոներ են ծախսում նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։ Եվ ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքներին սպասարկելու համար։
Ժամանակին առիթ-անառիթ այլ երկրների ծառայողական մեքենաների թվի վերաբերյալ հայտնի օրինակն էին մտցնում իշխանությունների աչքը, դա էլ շատ արագ մոռացան։ Պետական համակարգում վխտում են ծառայողական ավտոմեքենաները։
Պետական ապարատը դարձրին ոչ միայն յուրայիներին, այլև քավոր-սանիկներին, մերձավորներին ու բարեկամներին պաշտոններով ապահովելու միջոց։ Չեն նայում անգամ ունակություններն ու կարողություններ։
Նախկինների թալանից էին խոսում, իրենք օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ թալանում էին պետական բյուջեն։
Քանի դեռ չէին եկել իշխանության, ասում էին՝ պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել ժողովրդին։ Եկան, ոչ միայն չբավարարվեցին բարձր աշխատավարձերով, այլև բյուջեից մեծ փողեր վերցրեցին՝ իրենց պարգևատրելու համար։ Այն էլ հայտնի չէ, թե որ լավ արածի համար։
Եկան ժողովրդին երջանիկ ապագա պարգևելու խոստումներով, ներկան էլ կործանեցին, ու դեռ հայտնի չէ, թե մինչև ուր են հասցնելու։ Ասում էին՝ երկիրը թաղել են պարտքերի մեջ, իրենք կարճ ժամանակում այնքան պարտքեր վերցրեցին, որ պարտքի բեռը դուրս եկավ բոլոր գրված ու չգրված կանոններից։ Ընդամենը 5 տարում պարտքն ավելացրին 60 տոկոսով։
Տասնյակ տարիներ նախկինները հասցրել էին 6,7 մլրդ դոլարի պարտք կուտակել, իրենք 5 տարում 4 միլիարդով ավելացրին, այն էլ՝ թանկ փողերի հաշվին։ Այնքան թանկ պարտքեր վերցրեցին, որ պարտքի գինը կտրուկ բարձրացավ։
Եկել էին քաղաքացուն վարկի բեռից ազատելու, կարճ ժամանակում այնպիսի վարկային բեռի տակ դրեցին, որ հասարակության մեծ մասը ճռռում է վարկերի տակ։
Տուգանքներն էին վերացնում, հիմա ամեն քայլափոխի մարդիկ հայտնվում են տուգանքների տակ։
Եղած հարկերը քիչ էին, քնում-զարթնում, նոր հարկային բեռ են դնում քաղաքացու վրա։
Մի կողմից՝ մտնում են քաղաքացու գրպանը, մյուս կողմից՝ չեն մտածում նրա եկամուտներն ավելացնելու մասին։ Եկամուտները չեն ավելանում կամ այնքան չեն ավելանում, որքան ծախսերն են աստղաբաշխական տեմպերով աճում։ Զարմանալի չէ, որ երկրում մի բան էլ խորացել է աղքատությունը, ավելացել է աղքատների քանակը։ Մարդիկ հույս ունեին, որ ավելի լավ պիտի ապրեն, սկսել են ավելի վատ ապրել։ Հասարակության կեսը աղքատ է։
Սոցիալական արդարությունից էին խոսում, աղքատների եկամուտները կրճատվում են, հարուստներինը՝ ավելանում։ Հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում։ Խորացել է բևեռացումը։ Իրենց աշխատավարձերն անգամներով են բարձրացնում, թոշակներն ու նպաստները՝ մի քանի հազար դրամով։ Ներառական տնտեսական աճից էին խոսում, տնտեսության բարիքներն իրենք են վայելում, իսկ աղքատ հասարակությունն էլի մնում է ձեռնունայն։
Տնտեսությունը, որ պիտի հեղափոխական տեմպերով զարգանար, հազիվ շնչում է։
Բախտները բերեց, անցած տարի հայտնի հանգամանքների բերումով մեծ գումարներ եկան, բարձր աճ գրանցվեց, բայց դրանից տնտեսության որակը չփոխվեց։
Տնտեսությունը շարունակում է տառապել ցածր արտադրողականությունից։ Վարկերով այնքան են ծանրաբեռնել, որ տեխնիկական վերազինման հեռանկար չեն թողել։
Երկիրն է կորցրել հեռանկարը։ Չկան անվտանգության երաշխիքներ։ Մարդիկ իրենց ապահով չեն զգում՝ այնպես, ինչպես նախկինում էին զգում։ Հասարակության մեծ մասը պատրաստ է արտագաղթել։ Շատերն էլ արդեն արտագաղթել են ու շարունակում են արտագաղթել։
Սա է այն «երջանիկ ու ապահով» Հայաստանը, որը բերեցին այս իշխանությունները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ