«Արա Խզմալյանը փորձում էր նախարարին համոզել, որ «Գոյ» թատրոնի միավորումը շատ լավ բան է». թատրոնի ներկայացուցիչները հանդիպել են ժաննա Անդրեասյանին
Ապրիլի 11-ին «Գոյ» թատրոնի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. քննարկվել է «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու հարցը:
«Գոյ» թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանը, ով ներկա է եղել հանդիպմանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ կառուցողական քննարկում է եղել:
«Կարծես հասկանալի էր, որ ցանկանում են աջակցել մեր մտահոգություններին և մեր դիրքորոշումներին, և սրանից ելնելով՝ կարծում ենք, որ հնարավոր է՝ նախագիծը հետ կանչվի: Անձամբ ես նաև տիկին Ժաննա Անդրեասյանին հրավիրել եմ թատրոն՝ գալ և ծանոթանալ խնդիրներին, ինչպես նաև ներկայացում դիտել, և նա պատասխանեց, որ կգա, ու ասաց. «Անգամ գիտեմ, թե որ ներկայացմանը կհրավիրեք: Անպայման կգամ և կդիտեմ»: Խոսքը «Գարեգին Նժդեհ. Իրական առասպել»-ի մասին էր»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սարգիս Արզումանյանը:
Բեմադրիչի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է 1.5 ժամ:
«Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարարը, և տիկին նախարարն ավելի շատ լսում էր մեր և փոխնախարարի խոսակցությունը: Ավելի շատ կողքից դիտարկում էր, ուզում էր հասկանալ երևույթը, հետևություններ անել: Հանդիպման ընթացքում ամեն դեպքում Արա Խզմալյանը պնդում էր նախագիծը, և մեր հետևությունն այն է, որ սա Խզմալյանի նախաձեռնությունն է: Նա փորձում էր նախարարին համոզել, որ սա շատ լավ բան է»,- նշեց Սարգիս Արզումանյանը՝ հավելելով, որ թատրոնը 35 տարի այդտեղ է գործել, ու անգամ նպատակահարմար չեն գտնում այլ տեղ տեղափոխվել;
«Ամեն մեկի ցանկությամբ ու քմահաճույքով որ շարժվենք, չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ պայմանավորվել են ևս մեկ հանդիպում ունենալ, սակայն հստակ ժամկետ առայժմ չկա:
Հավելենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացրել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց կարծիքը հայտնել մինչև ապրիլի 11-ը: Կողմ էր քվեարկել 7219-ը, դեմ՝ 4035-ը:
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության նախագծում ասվում է, որ «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարա¬վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե¬միական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա¬տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ¬ների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություն¬ներից:
Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո¬րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները: