Անմիտ խաղեր տալու հետևանքը

Այն, որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, նորություն չէ։ Նորություն չէ նաև այն, որ այսօրվա բարձր տնտեսական աճերն էլ դրա արդյունքն են։ Եթե Ռուսաստանը պատժամիջոցների տակ չլիներ, իշխանությունները կերազեին նման աճեր արձանագրելու մասին։

Ռուսաստանից մեծ քանակությամբ փող է գալիս Հայաստան, ու այդ փողերի հաշվին տնտեսական աճեր են գրանցվում։ Իշխանություններին էլ թվացել է, թե դրանք իրենց շնորհքն են ու աշխատանքի արդյունքը։ Երբ վաղը կտրվեն այդ հոսքերը, այն ժամանակ կերևա այդ աշխատանքի արդյունքը։ Ոչ միայն երկնիշ աճեր չենք ունենա, այլև հազիվ էլ հաջողվի խուսափել անկումներից։

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան միայն ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով գրեթե 3,6 մլրդ դոլար եկավ՝ 4,1 անգամով ավելի շատ, քան գալիս էր մինչև պատժամիջոցները։ Այս տարվա սկզբին էլ ֆինանսական հսկայական հոսքեր են ստացվում։ Միայն հունվար-փետրվարին դրանք կազմել են 881 մլն դոլար։ Ավելի շատ, քան ստացվել էր պատժամիջոցներին նախորդած ամբողջ տարվա ընթացքում։ 7,1 անգամով շատ, քան եղել էր անցած տարվա նույն ամիսներին, երբ դեռևս չկային պատժամիջոցները։

Այս գումարների հաշվին էլ մեծացել են մեր տնտեսության, նաև արտաքին առևտրի շրջանառությունները։

Արտաքին առևտրում կրկնակիին մոտ աճեր են գրանցվում՝ կրկին Ռուսաստանի ու ռուսական շուկայի հաշվին։

Պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրների արդյունքում, անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացավ 2,9 անգամով՝ հասնելով 2,4 մլրդ դոլարի։ Այս տարվա սկզբին արտահանման աճը Ռուսաստան ավելի մեծ է՝ 5,2 անգամ։

Եթե չլինեին պատժամիջոցները՝ իշխանությունները կերազեին, թե կարող էին մեկ տարում այսպիսի աճեր արձանագրել, թեկուզ և դրանք ներմուծումների հետ են կապված։

Սրանք դեռ միայն այսօրվա իրողություններն են, որոնց ազդեցությունները, տեսնում ենք, թե ինչքան մեծ են տնտեսության արձանագրվող աճերի վրա։

Բայց Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսության կապերը միայն այսօրվա իրողություններով չեն պայմանավորված։ Դրանք շատ ավելի խորն են՝ բազմաթիվ թելերով կապված։ Ու երբ իշխանությունները փորձում են քաղաքական խաղեր տալ, պետք է հասկանան, որ այդ թելերը մի օր հանկարծակի կարող են նաև կտրվել։ Որքան էլ ձև անենք, թե այդպես չէ, տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող իրարից անկախ լինել։

Պատահականություն կամ զուգադիպությո՞ւն էր արդյոք, որ Ռուսաստանն արգելեց հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական գերատեսչական վերահսկիչ մարմինը՝ ի դեմս «Ռոսսելխոզնադզորի», որոշեց ապրիլի 5-ից դադարեցնել հայկական կաթնամթերքի մատակարարումները։ Ու դա պատճառաբանեց նրանով, որ Հայաստանը չի կարողանում երաշխավորել դրանց անվտանգությունը։

Կատարվել են տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում խնդիրներ են ի հայտ եկել որակի հետ կապված։ Այդ խնդիրներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները սկսեցին բացահայտ հայտարարություններ անել Ռուսաստանի ղեկավարին ձերբակալելու վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունները, իհարկե, հերքում են այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչի առկայությունը և համարում են, որ խնդիրները տեխնիկական են։ Բայց ո՞վ կարող է ասել, որ այդ տեխնիկական խնդիրները նախկինում չկային և միայն հիմա առաջացան։ Գուցե նախկինում է՞լ կային, բայց չնկատելու էին տալիս։

Նման երևույթները հենց այնպես չեն լինում։ Առավել ևս այսօր, երբ պատժամիջոցների ու բազմաթիվ ապրանքների մատակարարումների դադարեցման հետևանքով Ռուսաստանը պահանջարկի բավարարման խնդիր ունի։

Թերևս դրանից էլ օգտվել էին հայաստանյան կաթնամթերք արտադրողները, նաև արտահանողները։ Իրանից էժան հումքը, երբեմն էլ՝ հումքի տակ պատրաստի արտադրանքը բերում էին, Հայաստանում վերամշակում ու արտահանում էին ռուսական շուկա՝ ապահովելով լրացուցիչ եկամուտներ։

Այս արգելքով կաթնամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող հայկական ընկերությունները ոչ միայն զրկվեցին այդ եկամուտներից, այլև ստիպված են սահմանափակել իրանական հումքի ներկրումներն ու կրճատել արտադրության ծավալները։

Ռուսական շուկայում հայկական կաթմամթերքի իրացման ծավալները գուցե շատ մեծ չեն, բայց նաև տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում։

Ամենամեծ ծավալներն ունեն սերուցքային կարագն ու կաթնային մածուկը։ Անցած տարվա առաջին կիսամյակում այս ապրանքների արտահանումը ռուսական շուկա կազմել էր 5,2 մլն դոլար։ Եվս 4,2 մլն դոլարի պանիր ու կաթնաշոռ էր արտահանվել։

Ինչքա՞ն են եղել արտահանման ծավալները երկրորդ կիսամյակում, տվյալները մինչև հիմա Պետեկամուտների կոմիտեն չի հրապարակել։ Թեև հայտնի է, որ պատժամիջոցների պատճառով հենց երկրորդ կիսամյակից սկսեց մեծ տեմպերով ակտիվանալ Հայաստանից Ռուսաստան արտահանումները։

Դա տեսնում ենք նաև կաթնամթերքի որոշ տեսակների ներքին արտադրության ցուցանիշներում։ Անցած տարի կարագի և կաթնային մածուկների արտադրությունն աճեց 2,7 անգամով։ Պարզ է, որ դա ոչ թե ներքին սպառման, այլ գերազանցապես ռուսական շուկայի մատակարարումների հաշվին էր։

Ապրիլի 5-ից կիրառվող արգելանքից հետո ընդհանրապես դադարեցվել է հայկական կաթնամթերքի արտահանումը։ Սա, անշուշտ, լուրջ հարված է ոլորտում գործող ընկերությունների համար, որոնք առաջիկայում, եթե չհաջողվի համոզել ռուսական կողմին, ստիպված են լինելու սահմանափակել արտադրության ծավալները կամ դադարեցնել արտադրությունը։

Փոխարենը ժամանակին մտածեին նման հետևանքների մասին, արգելանքից հետո նոր հիշել են. հայտարարում են, թե բանակցում են հայկական կաթնամթերքը ռուսական շուկա վերադարձնելու համար։ Այնինչ՝ այդ ամենը կարող էր նաև չլինել, եթե վերջին տարիների սրված քաղաքական հարաբերություններն իշխանություններն էլ ավելի չսրեին՝ իրենց չմտածված գործողություններով։ Բացի այն, որ Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեց Հռոմի ստատուտը, սկսեցին բացահայտ հայտարարել, թե դրան համապատասխան՝ Հայաստանում կարող են ձերբակալել Ռուսաստանի նախագահին։ Ռուսական կողմի կոշտ արձագանքին, ինչպես և սպասվում էր, հետևեցին նաև գործողություններ, որոնցից մեկն էլ, ըստ ամենայնի, դարձավ ռուսական շուկայում հայկական կաթնամթերքի նկատմամբ այսպիսի խիստ սանկցիաների կիրառումը։ Կարող էին, չէ՞, բավարարվել միայն որոշ տեսակների արտահանման արգելանքով, այն էլ ժամանակավոր արգելանքով, և ոչ թե՝ ընդհանրապես փակեին հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս