
Որտե՞ղ է եղել ռազմական ղեկավարությունը երեկ

Երեկվանից բոլորը քննարկում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցածը՝ դրա ճիշտ կամ սխալ լինելը: Մինչդեռ երեկ, արարողությունից ժամեր առաջ Եռաբլուրում տեղի էր ունեցել ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հատուկջոկատային, մայոր Մկրտիչ Հարությունյանի հուղարկավորությունը:
Մեր տեղեկություններով՝ հայկական բանակի սպայի մարտական ընկերներից, մտերիմներից, հարազատներից, հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բայց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա չի եղել: Մեր տեղեկություններով՝ ՊՆ զորամասերից մեկում է եղել: Գուցե՞ կարող էր ծրագրերն այլ կերպ դասավորել:
Ինչևէ, նախկինում պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ Սեյրան Օհանյանին, և անգամ երկրի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին , կարելի էր տեսնել հերոսների հուղարկավորության արարողությանը մասնակցելիս:
Ի դեպ, պաշտոնական լուսանկարներից կարելի է ենթադրել, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյան ներկա չէր նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը, մեր տեղեկություններով՝ նա սպորտային միջազգային միջոցառման բացման ժամերին դեռ եղել է աշխատավայրում: