Իրական չնչին աճ՝ 30 տոկոսանոց աճերի մասին հայտարությունների ֆոնին
Անցած օրն Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վերամբարձ հայտարարություններ էր անում ներքին առևտրի շրջանառությունների ավելացման վերաբերյալ, 30 տոկոսանոց աճերից էր խոսում։ Թե ինչքանո՞վ են սպառողներն իրենց վրա զգացել այդ աճերը, իրենք ավելի լավ կասեն։
Փաստն այն է, որ չնայած Հայաստանում արձանագրվող երկնիշ տնտեսական աճերին՝ մանրածախ առևտրի հատվածում սպառումը գրեթե չի ավելանում, աճը զրոյին մոտ է։
Ընդ որում, դա տեղի է ունենում զբոսաշրջային բավական մեծ հոսքերի, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված տասնյակ-հազարավոր քաղաքացիների առկայության պայմաններում, որոնք լրացուցիչ, այն էլ՝ անհամեմատ բարձր պահանջարկ են ձևավորել ներքին շուկայում։
Բայց անգամ այդ պայմաններում սպառման ծավալները գրեթե չեն աճում։
Մանրածախ առևտրի շրջանառությունը տարեսկզբի երկու ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է ընդամենը 0,9 տոկոսով։
Այն դեպքում, երբ նախորդ տարվա այդ շրջանում դեռևս տասնյակ-հազարավոր Ռուսաստանի քաղաքացիներ չէին տեղափոխվել Հայաստան։ Չկային նաև զբոսաշրջային այն մեծ հոսքերը, որոնք արձանագրվել են այս տարվա ընթացքում։
Տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 450 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 200 հազարով ավել է նախորդ տարվանից։
Հունվար-փետրվարին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 290 հազար է։ 40 հազարով ավելի շատ, քան անցած տարվա առաջին եռամսյակում։
Ի տարբերություն անցած տարվա սկզբի, այս տարի առնվազն մի քանի տասնյակ հազարով ավելի Ռուսաստանի քաղաքացի կա Հայաստանում։
Դրսից մարդկային այսպիսի հսկայական հոսքերը ներքին սպառողական շուկայում բավական մեծ լրացուցիչ պահանջարկ են ձևավորել։ Հատկապես, եթե հաշվի առնենք նրանց վճարունակության մակարդակը՝ ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների։ Բայց անգամ այդ պայմաններում մանրածախ առևտրի ծավալները նախորդ տարվա համեմատ՝ 1 տոկոսից պակաս աճ են արձանագրել։
Փետրվարին աճը նույնիսկ ավելի քիչ է եղել՝ նախորդ տարվա համեմատ՝ ընդամենը 0,6 տոկոս։
Այս չնչին աճն էլ գերազանցապես դրսից թելադրված լրացուցիչ պահանջարկի արդյունք է։
Եթե չլինեին մարդկային նման մեծ հոսքեր, չէր լինի նաև մանրածախ առևտրի այդ չնչին աճը՝ նույնիսկ իշխանություններին այդքան ոգևորած երկնիշ աճերի պայմաններում։ Թվում էր, թե այդ աճերը պետք է նպաստեին մարդկանց վճարունակության բարձրացմանն ու սպառողական պահանջարկի ավելացմանը, բայց, ինչպես վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները, չկա նման բան։
Մեր քաղաքացիների սպառողական պահանջարկը մի բան էլ ընկել է։ Նրանք ավելի քիչ են սպառում, քան սպառում էին նախկինում, երբ դեռևս չկային այսօրվա կամ վերջին մեկ տարվա երկնիշ տնտեսական աճերը։
Սրա բացատրությունը մեկն է՝ արձանագրվող տնտեսական աճերից հասարակությունը կամ նրա մեծ մասն անմասն է մնում։ Մինչև իշխանության գալը մեղադրում էին նախկիններին, որ տնտեսական աճերից միայն իրենք են օգտվում, իսկ հասարակության հիմնական մասին դա հասանելի չէ։ Ուստի՝ խոստանում էին տնտեսության մեջ ստեղծվող արդյունքը համաչափ բաշխել հասարակության բոլոր խմբերին։ Այսօր էլ առիթի դեպքում նույնն են կրկնում։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանք էլ դատարկ խոսքեր են, ինչպես այն բազմաթիվ խոստումները, որոնցով 5 տարի շարունակ խաբել ու մոլորեցրել են հասարակության մեծ զանգվածներին՝ անելով իրենց սև գործը։
Բացի այն, որ մեր տնտեսության աճերը ներառական չեն, նաև աճի կառուցվածքն է անորակ։
Տնտեսության այն հատվածները, որոնք պիտի նպաստեին ՀՆԱ որակի բարելավմանը և մարդկանց եկամուտների ավելացմանը, հիմնականում չեն աճում։ Մեծ տեմպերով աճում է առևտուրը, ընդ որում՝ նաև ներքին առևտուրը։ Տարեսկզբի առաջին 2 ամիսներին այն հասել է 18 տոկոսի։ Բայց դա եղել է գերազանցապես մեծածախ առևտրի հաշվին։ Մեծածախ առևտուրը, որի հետ քաղաքացին կապ չունի, ավելացել է գրեթե 32 տոկոսով։ Այն դեպքում, երբ մանրածախ առևտրի աճը 1 տոկոսից պակաս է։
Արտաքին առևտրի աճերը ևս քաղաքացու սպառողական պահանջարկի ավելացման հետ կապ չունեն։ Դրանք գնում են հիմնականում այլ երկրների պահանջարկը բավարարելուն։ Մեր սպառողական շուկայում պահանջարկի աճ գրեթե չկա։ Եվ դա վերաբերում է առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կողմից ձևավորվող պահանջարկին։ Հայաստանի քաղաքացիների ներկայացրած համընդհանուր պահանջարկը նույնիսկ նվազել է։
Վճարունակ պահանջարկի նվազումը վերաբերում է հասարակության մեծ մասին, ովքեր ցածր եկամուտների ու բարձր գների պայմաններում ստիպված են ավելի քչով բավարարվել, կրճատել ծախսերն ու սպառումը։ Սա էլ ազդել է մանրածախ առևտրի ծավալների վրա։
Մանրածախ առևտրի ծավալներն ուղղակիորեն առնչվում են հասարակության բարեկեցությանը։ Երբ բարձրանում է բարեկեցության մակարդակը՝ մեծանում է նաև մանրածախ առևտրի նկատմամբ ներկայացվող պահանջարկը։ Այնինչ՝ թեև պաշտոնապես արձանագրվող երկնիշ տնտեսական աճերին, մանրածախ առևտրի ոլորտում գրեթե տեղաշարժ չկա։ Եղածն էլ մեր հասարակության բարեկեցության հաշվին չէ։
Տնտեսության իրական հատվածում, որը պետք է բերի ձևավորված ՀՆԱ որակի բարելավմանը, գրեթե առաջընթաց չկա։ Արդյունաբերության աճը տարեսկզբին կազմել է ընդամենը 1 տոկոս։ Եվ սա՝ այն պարագայում, երբ հիմա բոլորովին այլ տնտեսական միջավայրում ենք գտնվում, քան գտնվում էինք անցած տարվա այս շրջանում։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, երբ կապիտալի ու մարդկային մեծ հոսքեր եկան Հայաստան, բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին ներքին տնտեսության արտադրական կարողություններն ավելացնելու համար։
Արդյունաբերության ընդամենը 1 տոկոսանոց աճն է այն արդյունքը, որին իշխանությունները հասել են ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի տնտեսության համար բացված ահռելի հնարավորությունների ու ռեսուրսների պայմաններում։
Հույսը դրել են այստեղից-այնտեղից ապրանքներ բերելու ու Ռուսաստան տանելու, ինչպես նաև արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների ժամանակավոր պիկերի վրա, որոնք մեծապես նպաստում են տնտեսության երկնիշ աճերի ձևավորմանը, բայց ոչ երբեք տնտեսության զարգացմանը, արտադրական կարողությունների ավելացմանը, պոտենցիալի բարձրացմանը և տնտեսական աճի որակի բարելավմանը։ Տնտեսությունն ու հասարակության մեծ մասն այս ամենից գրեթե ոչինչ չի շահում։ Շահում են նրանք, ովքեր, ինչպես ժամանակին սիրում էր կրկնել Նիկոլ Փաշինյանը, մոտ են գտնվում իշխանության կերակրատաշտին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ