Կառավարությունը վստահության ճգնաժամի մեջ է

Բրիտանական Legatum ինստիտուտի հրապարակած վերջին հետազոտության արդյունքները հերթական սառը ցնցուղն էին իշխանությունների համար։ Մինչ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանը դարձել է ժողովրդավարական բաստիոն, խոսում են իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունից, խոսքի երբևէ չտեսնված ազատություններից ու համակարգային բարեփոխումներից, տնտեսական ու սոցիալական աննախադեպ ձեռքբերումներից, հետազոտության արդյունքները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմն ինչպես են տապալել ու հիմնահատակ արել երկրի պետական կառավարումը։

Ոչինչ, որ ըստ զեկույցի՝ Հայաստանի դիրքերը վատացել են նախորդ տարվա համեմատ, դրանք բազմաթիվ կարևոր պարամետրերով զիջում են նույնիսկ 10 տարի առաջվա ցուցանիշներին։

Շատերի համար, իհարկե, դա նորություն չէ, հաշվի առնելով պետական կառավարման այն խայտառակ իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հետևողական ջանքերի շնորհիվ։

Հրապարակված հետազոտության արդյունքներով, որը վերաբերում է երկրների բարեկեցության ցուցանիշներին, 167 երկրների շարքում անցած տարի Հայաստանը կորցրել է դիրքերը՝ 59-ից տեղափոխվելով 61-րդ տեղ։ Մեկ տարի առաջ էլ 54-րդն էր։

Վերջին երեք տարիներին Հայաստանի դիրքերը բարեկեցության միջազգային ցուցանիշների սանդղակում միայն վատացել են, իսկ մի շարք առանցքային առումներով արձանագրվել է չափազանց տխուր պատկեր։

Իրավիճակը վատացել է ազատությունների և կառավարման ոլորտում, նվազել է քաղաքական հաշվետվողականության ցուցանիշը։ Կառավարության նկատմամբ եղած վստահության աստիճանով՝ Հայաստանը վատագույններից է՝ ընդգրկված 167 երկրներից 146-րդը։

Այդքան խոսում են նախորդ իշխանությունների ոչ լեգիտիմության, խոսքի ազատությունների, ժողովրդավարության սահմանափակումների, իշխանությունների նկատմամբ հասարակության վատ վերաբերմունքի ու անվստահության մասին։ Այնինչ՝ 10 տարի առաջ հասարակության վստահության աստիճանով Հայաստանի կառավարությունն անհամեմատ ավելի լավ դիրքերում է գտնվել, քան հիմա։

Տասը տարի առաջ գործող «հակաժողովրդական» կառավարության նկատմամբ վստահությամբ Հայաստանը 133-րդ տեղում էր, այսօրվա «ժողովրդավար» կառավարությունը 146-րդ տեղում է՝ 167 երկրների շարքում։

Ու դեռ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ամեն առիթի հայտարարում են, թե ժողովուրդն իրենց վստահել ու ձայն է տվել։ Այնինչ՝ զեկույցի հեղինակները բոլորովին այլ կարծիքի են։ Համարում են, որ իշխանությունները վստահության լուրջ ճգնաժամի մեջ են։

Կառավարության նկատմամբ եղած անվստահությունը, անշուշտ, ունի իր հիմնավոր պատճառները։ Քանդել են պետական կարևորագույն ինստիտուտները։ Չկան անվտանգության անգամ նվազագույն երաշխիքներ։ Արժեզրկել են բանակն ու ոչնչացրել հասարակության վստահությունն այս կարևորագույն կառույցի նկատմամբ։

Տասը տարի առաջ բանակի նկատմամբ հասարակության վստահության աստիճանով Հայաստանն առաջատարների խմբում էր, իսկ այսօր հետնապահներից է, որովհետև կարճ ժամանակում հասցրեցին թուլացնել ու արժեզրկել երբևէ հասարակության շրջանում ամենաբարձր հեղինակությունն ունեցող այս կարևորագույն կառույցը, որը տասնամյակներ շարունակ բարձր մակարդակով ապահովում էր երկրի ու ժողովրդի անվտանգությունը։

2013թ. բանակի նկատմամբ հասարակության վստահության աստիճանով Հայաստանը բրիտանական ինստիտուտի զեկույցում գտնվում էր պատվավոր 23-րդ հորիզոնականում, այսօր ընդամենը 117-րդ տեղում է։

Վստահությունը բանակի նկատմամբ շեշտակի ընկել է։ Այնքան են թուլացրել ու արժեզրկել բանակը, որ մարդիկ դադարել են հավատալ բանակի կարողություններին։

Միայն բանակը չէ, որ արժեզրկել են։ Բազմաթիվ, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներով Հայաստանը հետնապահների խմբում է։

Այդքան խոսվում է ֆինանսական ու բանկային համակարգի կայունության մասին, բայց պարզվում է՝ չափազանց ցածր է հասարակության վստահությունն այդ համակարգի նկատմամբ։ 167 երկրների շարքում ընդամենը 139-րդ տեղում ենք, ինչը մտածելու ու մտահոգվելու տեղիք է տալիս։

Թվում է, թե ֆինանսական կայունության առումով լուրջ խնդիրներ չկան Հայաստանում, բայց դա հասարակությանը վստահություն չի տալիս, որ վաղը խնդիրներ չեն լինելու։ Այդպես կարծելու բազմաթիվ պատճառներ կան։

Վերջին տարիներին որոշ ուղղություններով այնքան են ծանրաբեռնել բանկային համակարգն ու քաղաքացիներին վարկային բեռով, որ ցանկացած պահի կարող ենք բախվել լուրջ ցնցումների հետ։ Այն, որ դրսից ստացվող ահռելի ֆինանսական հոսքերի արդյունքում ազգային արժույթն այդքան ամրապնդվել է, իսկ ֆինանսական հաստատությունները մեծ շահույթներ են ստացել, հիմք չէ երկարաժամկետ կայունության համար։

Այդպես է, որովհետև այսօրվա կայունության հիմքեր շատ թույլ են ու հիմնավորված չեն տնտեսական զարգացումներով և հասարակության եկամուտների աճով։

Տնտեսության զարգացման՝ ֆիսկալ կայունության ցուցանիշով Հայաստանը գտնվում է «պատվավոր» 106-րդ հորիզոնականում՝ 167 երկրների շարքում։

Այս ցուցանիշը բնութագրում է տնտեսության ու պետության եկամուտների կապը։ Խոսքը հատկապես հարկային եկամուտների մասին է, որտեղ իշխանությունները չեն հոգնում կրկնել, որ «պատմական» ռեկորդների են հասել։ Այնինչ՝ այդ «ռեկորդների» իրական բնութագիրը տալիս է տնտեսության մեջ ձևավորվող հարկերի հավաքման մակարդակը, որ վերջին 3-4 տարիներին գրեթե չի բարելավվել, անցած տարի նույնիսկ վատացավ, չնայած իշխանությունների հայտարարած «պատմական» ռեկորդներին։

Հայաստանը ներդրումային միջավայրի ինդիկատորի՝ պայմանագրի կատարման ցուցիչով 119-րդն է։ Սրանում, իհարկե, զարմանալու ոչինչ չկա, որովհետև իշխանափոխությունից հետո Հայաստանին ներդրումային բում խոստացած իշխանությունը ներդրումային միջավայրի հերն անիծեց։ Տապալեց երբևէ Հայաստանում իրականացված ամենախոշոր ներդրումային ծրագիրը և տարիներ շարունակ պահեց անորոշության մեջ։ Խզեց հարաբերությունները պետական հատվածում ներդրումային ծրագրեր իրականացնող դրսի այլ ընկերությունների հետ։ Այսօր էլ միջազգային արբիտրաժային դատարաններում դատական գործընթացների մեջ է՝ մի շարք ծրագրերի հետ կապված։

Ոստիկանական բարեփոխումներով են հպարտանում, երբ ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության մակարդակով Հայաստանը 120-րդ տեղում է, մամուլի ազատության աստիճանով՝ 109-րդ տեղում, կարծիքի արտահայտման ազատության ցուցիչով՝ 94-րդ տեղում, և այսպես շարունակ։

Սրանք են այն ձեռքբերումները, որոնց հասել են այս իշխանությունները միջազգային հեղինակավոր ինստիտուտներից մեկի հետազոտության արդյունքներով։ Եթե դրանք միայն այս մեկ հետազոտությամբ սահմանափակվեին, գուցե չարժեր այդքան մեծ ուշադրության դարձնել։ Բայց վերջերս հրապարակվող միջազգային գրեթե բոլոր զեկույցները Հայաստանում ժողովրդավարության ու խոսքի ազատության նահանջ, կոռուպցիայի ընդլայնում ու համակարգային կոռուպցիայի երևույթներ, տնտեսական ազատությունների ինդեքսների վատացում ու բազմաթիվ այլ հետընթացներ են արձանագրում։ Իշխանությունները ցույց են տալիս, որ մտահոգված են դրանցով, սակայն շարունակում են իրենց սև գործը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս