Հանձնարարություն է տրված՝ խոսի. իրականության հետ կապ կունենա, չի ունենա՝ նշանակություն չունի. Տնտեսագետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ավետել է պետության հերթական առաջընթացի մասին:
«Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022 թվականին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է` կազմելով 12.6%»,- Ֆեյսբուքում գրել է նախարարը:
Մասնագիտական տարբեր շրջանակներին, սակայն, այս և այլ առաջընթացները չեն ոգևորում. տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում այս դինամիկայի իրական պատճառների և երկրի տնտեսական իրողությունների վրա:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ վերջին շրջանի տնտեսական աշխուժության ու աճերի հիմնական գործոնն արտաքին է և պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ազդեցությամբ:
«Ընդհանրապես, տնտեսական և սոցիալական շրջանառության կտրվածքով ՀՀ-ն չափազանց փոքր երկիր է, և ամեն բան հենվում է փողի վրա. այժմ, արժութային մասսան՝ դոլար, ռուբլի թե եվրո, մեր կամքից անկախ լցվել է Հայաստան (սա պետք է բացատրել նաև նրանով, որ մեր թշնամի հարևանները ևս աննկատ գումար են նետում շրջանառության մեջ), և ավտոմատ ստացվում է, որ աշխուժացում կա: Մինչդեռ, այդ աշխուժացումը հարաբերական է, քանի որ այդ ներհոսքի դադարի պարագայում մենք միանգամից կհայտնվենք կոտրված տաշտակի առջև»,- պարզաբանեց տնտեսագետը:
Ի դեպ, Վարդան Բոստանջյանը թերահավատ է նաև միջազգային ֆինանսական շատ կազմակերպությունների հրապարակած ցուցանիշների հանդեպ:
«Դրանց մի մասի նպատակը տարածաշրջանից ՌԴ-ին վռնդելն է՝ իրենց համար Իրանի հետ ընդհարման պարագայում տեղ բացելու համար. իրենք ելնելով իրենց գերնպատակից՝ սկսում են գովել, ինչն իրականությանը չի համապատասխանում,- նկատեց նա՝ մանրամասնելով,- Հայաստանի Հանրապետությունում նյութական բարիքներ արտադրող ոլորոտներ, որպես այդպիսին, գոյություն չունեն. տնտեսական կառուցվածքում ամենամեծ կշիռը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, որտեղ նյութական բարիքներ՝ խթանիչ, զարգացնող ինստիտուտներ չունեն, ենթադրենք՝ կազինոն է աշխատում…»:
Անդրադառնալով նախարար Քերոբյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած մեկ այլ հայտարարությանը, թե՝ «կառավարությունն անշեղորեն բարելավում է բիզնես միջավայրը», Բոստանջյանն արձանագրեց՝ «հավանաբար հանձնարարություն է տրված՝ խոսի. իրականության հետ կապ կունենա, չի ունենա՝ նշանակություն չունի: Միայն այն հանգամանքը, որ քո երկրի անվտանգության, ինքնուրույնության կտրվածքով չկա որևէ նվաճում, դա արդեն նշանակում է, որ չի կարող նման տեղում բիզնեսը զարգանալ»,- հավելեց տնտեսագետը: