
Ալթայի դպրոցում պղպեղագազը փչել է աշակերտներից մեկը. 32 երեխա դիմել է բուժօգնության

Ալթայի երկրամասի Բիյսկի շրջանի դպրոցում, որտեղ երեխաներ են տուժել, պղպեղագազ է փչել աշակերտներից մեկը: Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Ալթայի երկրամասի Քննչական վարչության մամուլի ծառայությունում։
«Պղպեղագազը փչել է միջին օղակի դպրոցի (խմբ.՝ մինչև 14 տարեկանների համար նախատեսված) աշակերտներից մեկը վեցերորդ դասարանի դասասենյակում», – հայտնել են գերատեսչությունում՝ նշելով, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն լրացուցիչ քննության ընթացքում։
Ինչպես հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարությունից, այսօր 11-12 տարեկան 32 երեխա դիմել է բժշկական օգնության Ալթայի երկրամասի Բիյսկի շրջանի դպրոցում պղպեղագազի փչելու պատճառով: Նրանցից հինգը հոսպիտալացվել է միջին աստիճանի ծանրության վիճակում: Քննչական կոմիտեի մարզային վարչության և տարածաշրջանային դատախազության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում: