Թրամփը կասկածում է, որ Բայդենը կփորձի վերընտրվել երկրորդ ժամկետով
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ ունի այն հարցի շուրջ, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կառաջադրի իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում։ Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Բայդենը բազմիցս ակնարկել է, որ կառաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում, սակայն դեռ պաշտոնական հայտարարություն չի անում:
Օրերս NBC հեռուստաալիքի TODAY ծրագրի ընթացքում լրագրողը հարցրել է գործող նախագահին՝ արդյոք նա պլանավորում է Սպիտակ տանն անցկացվող Զատկի միջոցառումներին մասնակցել 2024-ից հետո։
Բայդենը պատասխանել է. «Ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել: Բայց մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»:
Անդրադառնալով այս հարցազրույցին՝ Թրամփը նշել է. «Այստեղ ինչ-որ բան այն չէ»:
«Ես այսօր հեռուստացույցով տեսա նրա պատասխանն այն հարցին՝ արդյոք նա պատրաստվում է առաջադրվել թե ոչ… Նա երկար պատասխան տվեց (Զատիկի) ձվերի և տարբեր բաների մասին: Չեմ կարծում, թե նա կկարողանա», – նշել է նախկին նախագահը:
Թրամփը շեշտել է, որ պարզ չէ՝ արդյոք Բայդենը կարող է ևս մեկ ընտրարշավի դիմանալ:
76-ամյա Թրամփը, որը մինչև Բայդենի ընտրվելը նախագահի պաշտոնը ստանձնած ամենատարեց նախագահն էր, արդեն հայտարարել է 2024թ. իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ 80-ամյա Բայդենն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024թ.: Մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն պետք է անցկացնի ներքին ընտրություններ՝ փրայմերիզ, որտեղ էլ կորոշվի, թե ով է տվյալ կուսակցության կողմից մասնակցելու նախագահական ընտրապայքարին։