«Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ մեղադրելն ուղղված էր ԵՄ դիտորդների դեմ». Փաշինյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո թշնամի պետության տարածած հաղորդագրություններին, թե հայկական կողմն օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ, որը, իհարկե, ՀՀ ՊՆ-ի կողմից հերքվեց, Նիկոլ Փաշինյանին հարցրեց.
«Չե՞ք կարծում, որ նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում լարվածության աշխարհագրական մասշտաբները մեծացնել»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ցանկացած ագրեսիայի մաս են կազմում նաև տեղեկատվական պատերազմները, և այդ պատերազմն էլ ունի իր թիրախը: Ձեր ասած ապատեղեկատվության նպատակը հետևյալն է, որ տեսեք՝ Եվրամիություն, դուք ՀՀ դիտորդներ եք ուղարկել, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված՝ դուք բոլորդ ունեք պրոբլեմներ, ձեզ հայտնի տեղերում հնչել են հայտարարություններ, կիրառվել են պատժամիջոցներ և այլն:
Ես ուզում եմ մի ուրիշ դեպsքի մասին հիշեցնել, երբ 2022 թվականի փետրվարին կամ մարտին նույն տեղեկատվական աղբյուրները պնդում էին, թե Հայաստանի ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներն ուղարկվել են Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, և դա նույնիսկ շատ հեղինակավոր լրատվամիջոցներ այդ դեզինֆորմացիան տպեցին: Դա սադրանքի անբաժանելի մասն է, այլ բան, որ մենք պետք է տեղեկատվական պատերազմներին, հարձակումներին հակազդելու մեր ինստիտուցիոնալ գործիքակազմն ուժեղացնենք, և դա պետք է անենք՝ առանց մեր ժողովրդավարությանը վնասելու…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում