Կենտրոնական բանկը կարող է շունչ քաշել

Երկու տարվա կտրուկ թանկացումներից հետո պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գնաճի թուլացում է արձանագրել։ Մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 5,4 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է, քան մեկ ամիս առաջ էր։ Փետրվարին գնաճը 8,1 տոկոս էր, հունվարին՝ ևս։

Մարտի նվազումից հետո 12-ամսյա գնաճը վերադարձել է նպատակային թիրախի տիրույթ։ Ճիշտ է, դեռևս վերին սահմանի մոտ է, բայց այլևս թիրախի շրջանակներում է։

Հիշեցնենք, որ գնաճի թիրախային ցուցանիշը 3,5-5,5 տոկոսի միջակայքն է։ Մարտին այն կազմել է 5,4 տոկոս։

Դեռևս շարունակում է բարձր լինել տարեկան գնաճը։ Հունվար-մարտին այն կազմել է 7,2 տոկոս։

Դրանով հանդերձ, տարեկան գնաճը ևս նվազել է։ Մեկ ամիս առաջ 8,1 տոկոս էր, իսկ անցած տարի՝ 8,6 տոկոս։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մարտին նվազել է նաև սննդամթերքի գնաճը։ Եթե փետրվարին այն 9,8 տոկոս էր, դարձել է 5,1 տոկոս։

Գնաճը թեև նվազել, այնուհանդերձ շարունակել է բարձր մնալ մի շարք ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների պարագայում։ Այս ապրանքները նախորդ տարվա մարտի համեմատ թանկացել են ևս 8,3 տոկոսով։

Թանկացումը կապված է գերազանցապես իշխանությունների իրականացրած օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք վերաբերում են ակցիզային հարկին։ Փոփոխությունների արդյունքում ամեն տարվա սկզբին ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի հարկային բեռն ավելանում է, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է դրանց գների բարձրացման։

Սա ո´չ առաջին, և ո´չ էլ երկրորդ տարին է. այդպես է արդեն մի քանի տարի շարունակ։

Հարկային բեռի ծանրացման, երբեմն՝ նաև կտրուկ ծանրացման հետևանքով այդ ապրանքների գները հասցրել են էապես բարձրանալ։ Վերջին 4-5 տարիների կտրվածքով որոշ դեպքերում նույնիսկ կրկնապատիկ թանկացում է արձանագրվել։ Այս ապրանքների հետ կապված գնաճը պահպանվել է նաև տարեսկզբին։

Շարունակել է գնաճը բարձր մնալ նաև կենցաղային տեխնիկայի, տնային գործածության ապրանքների, հանգստի, ռեստորանային և հյուրանոցային ծառայությունների, ինչպես նաև հագուստի և կոշկեղենի պարագայում։ Այդ շուկաներում մարտին նախորդ տարվա համեմատ գնաճը տատանվել է 7,4-11,3 տոկոսի սահմաններում։ Բայց դա չի խանգարել, որպեսզի միջին գնաճը կազմի 5,4 տոկոս։ Դրա վրա, անշուշտ, հիմնական ազդեցությունը թողել է սննդամթերքի շուկան՝ հաշվի առնելով, որ գնաճի ձևավորման գործում մեծ է հատկապես այդ շուկայի ազդեցությունը։

Սննդամթերքի գնաճի տեմպի բավական կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել մարտին՝ փետրվարի համեմատ։ Դժվար է ասել՝ սպառողներն իրենց վրա զգացե՞լ են այդ փոփոխությունը, թե՞ ոչ, բայց սննդամթերքի գնաճի տեմպը մեկ ամսում գրեթե կրկնակի նվազել է՝ հանգեցնելով նաև 12-ամսյա գնաճի մեղմացման։

Գնաճի մեղմացման այս միտումների գործում, իհարկե, մեծ է նախորդ տարվա թանկացումների ազդեցությունը, որոնք շատ ավելի կտրուկ էին։  Դրանց նկատմամբ գնաճի նախկին տեմպը, որն ունեինք անցած 2 տարիներին, ընկել է, բայց դա չի նշանակում, թե տեղի է ունեցել գների նվազում։ Գներն էլի շարունակել են բարձրանալ, ուղղակի տեմպը թուլացել է։

Գնաճի այս մեղմացումը, որն արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, բխում է հատկապես Կենտրոնական բանկի շահերից, որը պատասխանատու է գների կայունության համար։ Վերջին տարիներին, արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված՝ ԿԲ-ին չի հաջողվել այն պահել թիրախային ցուցանիշների տիրույթում։ Գնաճը շատ ավելի բարձր է եղել, քան սահմանված թիրախի առավելագույն մակարդակը։ Դրա համար էլ ԿԲ-ն տարբեր գործիքներով փորձել է այն վերադարձնել թիրախի շրջակայք։

Որպես առաջնային և հիմնական գործիք՝ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն այժմ գտնվում է վերջին տասնամյակի ամենաբարձր դիրքում և կազմում է 10,75 տոկոս։ Երկու տարվա ընթացքում Կենտրոնական բանկն այն գրեթե կրկնապատկել է՝ թանկացնելով ու ապախթանելով տնտեսության մեջ մտնող փողի քանակը։ Այլ հարց, թե դա ինչքանո՞վ է նպաստել գնաճի զսպմանը։ Հատկապես հաշվի առնելով այդ հանգամանքը, որ գնաճը զսպելու գործում ինչ-որ պահից Կենտրոնական բանկը սկսեց նախապատվությունը տալ նաև դրամի ամրապնդմանը։ Թողեց, որպեսզի դրամն ամրապնդվի՝ փորձելով դրանով թուլացնել դրսից ներմուծվող գնաճը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը հանդիսանում է բազմաթիվ ապրանքներ ներմուծող երկիր, որոնց վրա մեծ է տարադրամի փոխարժեքի ազդեցությունը։

Դրամն ամրապնդելով՝ ԿԲ-ն նպատակ ուներ թուլացնել ներմուծվող ապրանքների գնաճը։ Թեև դրա հետևանքով խնդիրներ ստեղծեց տնտեսության արտահանելի հատվածում ու դրսից տարադրամային եկամուտներ ստացող քաղաքացիների համար, այնուհանդերձ, իր հիմնական գործառույթներից ելնելով՝ նախապատվությունը տվեց գնաճի մեղմացմանը։

Այժմ, երբ 12-ամսյա գնաճը վերադարձել է թիրախային ցուցանիշների տիրույթ, թեկուզ և գտնվելով դրա վերին սահմանին մոտ, Կենտրոնական բանկը կարող է աստիճանաբար թուլացնել՝ ինչպես դրամավարկային կոշտ քաղաքականությունը, այնպես էլ՝ միջոցներ ձեռնարկել դրամի արժևորման տնտեսական ու ֆինանսական հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Այլ բան, թե երբ կգնա դրան։ Չնայած գնաճի արձանագրված նվազեցմանը, անորոշություններն այստեղ բավական շատ են ու գնաճի ակտիվացման հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Թեև դա չի նշանակում, որ ձեռքերը ծալած պետք է սպասել, թե երբ է սկսվելու հերթական ալիքը։

Եթե հաշվի առնենք, որ արտաքին հատվածից գնաճի փոխանցումը Հայաստան վերջին շրջանում թուլացել է՝ կապված ինչպես միջազգային շուկաներում ձևավորված գների, այնպես էլ՝ այլ երկրների կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության պայմանների խստացումների հետ, ենթադրվում է, որ առաջին հերթին պետք է փոփոխություններ սպասել դրամի վարքագծում։ Բայց հնարավոր է նաև դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացում. չի բացառվում, որ արդեն այս ամսին ԿԲ-ն գնա նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման և ոչ մեծ՝ 0,25 տոկոսային կետով նվազեցման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս