Գալիս է քաղաքացու վրեժի ժամանակը
Նիկոլ Փաշինյանին Երևանի կենտրոնում «դավաճան» անվանած երիտասարդի հետ կատարվածը՝ իր ողջ ողբերգականությամբ, կոմիզմով ու հակաիրավականությամբ հանդերձ, շատ խորհրդանշական իմաստ ունի և արտահայտում է հայաստանյան քաղաքական իրականության բազմաթիվ շերտեր։
Ընդհանրապես «դավաճանը» Արցախում ու Հայաստանում կատարված ողբերգությունները կանխորոշած, իսկ հետագայում՝ նաև քաղաքական օրակարգ ձևավորող արտահայտություն է․ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է խոստովանել, չի գնացել ղարաբաղյան հակամարտության ցավոտ զիջումների, իսկ հետո նաև ավելի վաղ չի դադարեցրել պատերազմը՝ հենց «դավաճան» չորակվելու համար, ինչն արժեցել է հազարավոր երիտասարդների կյանքեր։
Իհարկե, նա այդպես էլ «դավաճանի» պիտակից չխուսափեց, և հետպատերազմյան ողջ դիսկուրսը մինչև օրս էլ ծավալվում է հենց դավաճանության, դավաճանի կամ դավաճանների փնտրտուքի շուրջ։
Այսինքն, երիտասարդը փողոցում խտացված կերպով ներկայացրել է այն հանրային-քաղաքական մթնոլորտը, որում այսօր ապրում է Հայաստանը, և Նիկոլ Փաշինյանի ականջը պետք է որ ամբողջությամբ սովորած լիներ «դավաճան» վանկարկումին։ Այդ պիտակավորումը նրան խորհրդարանում ուղղում էին ընդդիմադիրները, ամիսներ շարունակ այդ բառը քաղաքական գործիչների շուրթերից հնչում էր Երևանի փողոցներում, այսօր էլ մամուլը ողողված է տարբեր քաղաքական դեմքերի, փորձագետների նույնական որակավորումներով։ Նրանցից որևէ մեկի դեմ Նիկոլ Փաշինյանը լայն իմաստով ոչինչ չի ձեռնարկել, երբեմն՝ հակադարձել, երբեմն՝ կուլ է տվել «դավաճան» արտահայտությունը։ Սակայն միանգամայն այլ է պարագան, երբ այդ պիտակավորումը հնչում է քաղաքացու կողմից, որը պաշտպանված չէ որևէ ինստիտուցիոնալ թիկունքով, քաղաքական թիմով և այլն։
Բոլոր «դավաճան» ասողներից առաջին հայացքից ամենաանվտանգը, թվում է, հենց այս՝ միայնակ քաղաքացու պոռթկումն էր։ Բայց, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հենց նրա մեջ է տեսել ամենամեծ վտանգը, դրա համար երիտասարդին բերման են ենթարկել, անհեթեթ քրեական գործ են փորձել հարուցել, ազատել են աշխատանքից… Երիտասարդ քաղաքացուն, սակայն, իր հետ կատարվածն ընդհանրապես չի վախեցրել, ավելին, 168.am-ի հետ զրույցում ասել է. «Այսօր էլ տեսնեմ՝ գոռալու եմ։ Դա իմ քաղաքացիական դիրքորոշման արտահայտչաձևն է, իմ քաղաքական գնահատականը նրանց գործունեությանը»:
Այս միջադեպը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության իրական սպառնալիքները տեսնում է ոչ թե ընդդիմության, ինստիտուցիոնալ առումով քիչ թե շատ կայացած տարբեր այլ միավորների, այլ հենց հասարակ քաղաքացիների շրջանում։
Նա ինքը քաղաքական գործընթացներ է սկսել ու զարգացրել հենց «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով և լավ գիտակցում է, որ նման օրինակները կարող են վարակիչ դառնալ և միավորել հազարավոր «և այդ մեկ մարդկանց»՝ դառնալով մեծ քաղաքական փոփոխությունների առնվազն սկզբնաղբյուր։
Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրված է զգում, պայմանականորեն ասած, ուղղահայաց քաղաքական կառույցներից և վախենում է այն հնարավոր հանրային մոբիլիզացիայից, որը կարող է տեղի ունենալ հորիզոնական կապերի, քաղաքացիների անհատական ու խմբային պոռթկումների արդյունքում։
Հենց դա է պատճառը, որ նա հրահանգում է ամենալկտի ձևով պատժել փողոցում ընդամենը մի քանի անցորդների աչքի առաջ իրեն «դավաճան» անվանած երիտասարդին, Մալիշկայում իր վրա հովանոց նետող տնավեր դարձած բերձորցի կնոջը, որպեսզի այդպիսով վախեցնի այն հազարավոր քաղաքացիներին, որոնք սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ իրենց պատահական հանդիպմանն ու «դավաճան» անվանելու իրենց ժամին։
Հարություն Ավետիսյան