
Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը

Կամչատկայի Շիվելուչ հրաբուխն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:31-ին, սկսել է ժայթքել: Սկսվել է մոխրի արտանետում:
Ուստ-Կամչատսկի շրջանի ղեկավար Օլեգ Բոնդարենկոն մարդկանց հորդորել է մոխրի արտանետման ժամանակ մնալ տանը, օգտագործել դիմակներ:
Հաղորդվում է, որ Կամչատկայի Ուստ-Կամչատսկի շրջանի մի քանի գյուղերի երկինքը ծածկվել է մոխրի ամպով։
«Հրաբխից մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով երկինքը, այդ թվում՝ Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի և Կոզիրևսկ գյուղերի վրա, ծածկվել է մոխրի ամպով», – գրել է Բոնդարենկոն իր Telegram ալիքում։
Բոնդարենկոն հավելել է, որ մոխրի ամպում էլեկտրաստատիկ լարվածության պատճառով ամպրոպ է թնդում։
Շիվելուչը Կամչատկայի ամենամեծ հրաբուխներից մեկն է։ Հրաբխին ամենամոտ բնակավայրը Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղն է։ Այն գտնվում է Շիվելուչից 47 կմ հարավ-արևմուտք։