«Ականջ և լեզու կտրելու սպառնալիք հնչեցրածն ԱԺ-ում ՄԻՊ թեկնածուին է ներկայացնում». Արմենուհի Կյուրեղյան
Ազգային ժողովում այսօր մեկնարկած քառօրյայի օրակարգում ներառված հարցերից մեկը Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է: Իշխանության ՄԻՊ թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը նախորդ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին:
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմելով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին՝ նախ հիշեց հանձնաժողովի նիստում նրա դրսևորած պահվածքը, ապա որպես զավեշտ գնահատեց, որ հենց նման վարքագիծ դրսևորած պատգամավորն է ներկայացնում ՄԻՊ թեկնածուին.
«Դուք ներկայացնում եք ՄԻՊ թեկնածուին, որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ որպես պատգամավոր ձեր պահվածքով, ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց: Լկտի պահվածքով, մատ թափ տալով, ականջ և լեզու կտրելու սպառնալիքներով՝ դուք հիմա ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը:
Դուք՝ որպես մեծամասնական խմբակցության քարտուղար, որպես պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորին՝ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց.
«Զավեշտն առաջին հերթին այն էր, թե ո՞ւմ էիք դուք առաջադրել՝ որպես ՄԻՊ թեկնածու: Ընդհանուր առմամբ այդ հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ընդհանուր իրավիճակը պետք է շատ վատ բնորոշեմ: Այո, իրականում պետք է թույլ չտալ, չտրվել սադրանքներին, էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ, թե ի՞նչ է տեղի ունեցել դրանից առաջ և հետո, ի՞նչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ուենցել…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում