Սիրում եմ բոլորիդ. Դիմաշ Կուդայբերգենը երևանյան համերգից առաջ տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին
Մի շարք մրցանակների դափնեկիր Դիմաշ Կուդայբերգենը, որը հաճախ է ելույթ ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում կազմակերպված համերգային երեկոներին, մենահամերգով հանդես կգա Հայաստանում:
Երգչի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին ընդառաջ նա տեսաուղերձով դիմել է իր երկրապագուներին, նրանց հրավիրել Stranger համաշխարհային շրջագայության ընթացքում կայանալիք համերգներին ու նշել, որ անհամբերությամբ է սպասում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը: «Սիրում և ամուր գրկում եմ բոլորիդ»,-ասում է նա:
Երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ Դիմաշ Կուդայբերգենը տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի և 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։
Նա երգում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Կոնցեպտուալ առումով Stranger շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, լուսնի ու արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին: