Ուկրաինայի նախագահին կհանձնվի Կարլոս Մեծի անվան միջազգային մրցանակը
ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է գովաբանական խոսքով հանդես գալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին՝ մայիսի 14-ին նրան Կարլոս Մեծի միջազգային մրցանակ հանձնելու արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է գերմանական Bild am Sonntag թերթը՝ կառավարական շրջանակներին հղումով։
Պարբերականի տվյալներով, ուկրաինական առաջնորդն անձամբ կարող է ժամանել Ախեն։ Այդ դեպքում դա կլինի Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ սկսելուց ի վեր նրա առաջին այցը ԳԴՀ։ Սակայն այցին կարող է խանգարել Ուկրաինայի ԶՈՒ-ի գարնանային հարձակումը։ Այդ դեպքում Զելենսկին արարողության մասնակիցների առաջ հանդես կգա տեսակապով, հաղորդում է DW-ն։
Ի սկզբանե հանձնումը պետք է տեղի ունենար մայիսի 18-ին։ Սակայն քանի որ մայիսի 19-21-ը ճապոնական Հիրոսիմայում նախատեսված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որին մասնակցելու է Շոլցը, պարգևատրման արարողությունը տեղափոխվել է ավելի վաղ։
Ախենի պաշտոնական կայքում նշվում է, որ արարողության հյուրերի թվում է, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Տեղական իշխանությունների տվյալներով, հենց նա կարող է հանդես գալ Զելենսկիի պատվին ելույթով։
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի նախագահը եղել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Լեհաստանում։ Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է Կիևին զենքի մատակարարման ծավալներով։ Մինչդեռ Բեռլինի և Կիևի կառավարությունների հարաբերությունները «առնվազն բարդ են», գրում է Bild am Sonntag-ը։ Ախենում Շոլցի ու Զելենսկիի հանդիպումը կարող էր օգնել նրանց նոր գլուխ բացելու, ավելացնում է պարբերականը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին և ուկրաինական ժողովուրդը դարձել են 2023 թ․ Կարլոս Մեծի անվան միջազգային մրցանակի դափնեկիր։ Իր որոշման մասին մրցանակաբաշխության կոմիտեն հայտարարել է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին։ Մրցանակը հանձնվում է 1950 թվականից գերմանական Ախենում՝ Եվրոպայի միավորման գործում նշանակալի ավանդի համար։
Կարլոս Մեծի անվան մրցանակի առաջին դափնեկիրներից են եղել Ուինսթոն Չերչիլը և Կոնրադ Ադենաուերը։ Տարբեր տարիներին դրան արժանացել են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ՝ Վացլավ Հավելը, Անգելա Մերկելը, Էմանուել Մակրոնը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և այլոք։
2022 թվականի մրցանակը ստացել են Սվետլանա Տիխանովսկայան, Մարիա Կոլեսնիկովան և Վերոնիկա Ցեպկալոն։