«Աննա Հակոբյան, քո ամուսինը, ձեր դասալիք թիմը ծառայե՞լ են, իրենք բանակի մասին ի՞նչ գիտեն, ես իմ երեխու պահած հողն եմ ուզում». զոհված զինծառայողի մայր

Ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը կրկին մի խումբ կանանց էր հավաքել, այս անգամ՝ Տավուշի մարզում,  մայրության և գեղեցկության օրվա առիթն օգտագործելով, շնորհավորելուց զատ, նաև հերթական անգամ դասեր տալու, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը, և, որ հայ կինը պետք է փոխվի։

«Մարտի 8-ին խոսել եմ հայ կնոջ տեղի ու դերի, հնարավորությունների ու խոչընդոտների, առհասարակ ինքն իրեն ճանաչելու և ինքն իր մասին կարծիք կազմելու թեմայի շուրջ։ Այսօր չեմ ուզում հոգնեցնել ձեզ, չեմ ուզում այդ մասին նորից խոսել։

Անկեղծորեն պիտի ասեմ, որ մենք բավականին երկար ժամանակ թերացել ենք մեր դերում։ Այն, ինչ մեր երեխաներին սովորեցնում են դպրոցներում, ընտանիքներում, դրանք միայն խոսքեր են ու չեն բխում մեր իրական կյանքից։ Մեր կյանքում համար առաջին պատասխանատուին համարում եմ հայ կնոջը, մորը, ի վերջո, նա է դաստիարակում հասարակության անդամին։

Ես իջևանցի հարս եմ, և լավ գիտեմ՝ ինչ է նշանակում Դիլիջանում պարեկ աշխատել, բայց դա պետք է անենք։ Չպետք է հաշվի առնել հասարակության մեջ անառողջ խոսույթը և չգնալ այդ քայլին։ Ես ուզում եմ, որ մենք՝ հայ կանայքս, շրջենք բոլոր տեսակի անխոհեմության էջերը մեր կյանքի և մտնենք խոհեմության, իմաստնության, հզորության փուլ»,- իր խոսքում նշել էր Աննա Հակոբյանը։

Կարդացեք նաև

Անուշ Հակոբյանը 2016 թվականի հունվարին դիրքերում զոհված Արամայիս Ոսկանյանի մայրն է: 168.am-ի հետ զրույցում նա նախ իր զարմանքը փոխանցեց, որ Աննա Հակոբյանի այդ  ելույթի ժամանակ դահլիճում գտնվող կանանցից որևէ մեկը նրան չհակադարձեց, որ հայ կինը երբեք անխոհեմ չի եղել։

«Չնայած սա հասկանում եմ, որովհետև նրա ելույթի ժամանակ դահլիճում նստած հայ կանանց մեծամասնությունը նրա կողմնակիցներն են։ Նախ, Աննա Հակոբյանը սկզբում ասում էր՝ եկեք զենքերը դարձնենք զարդ, կախենք մեր պարանոցներին, հետո հայտարարեց, թե մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ Այսպես խոսելով՝ հասանք մինչև 44-օրյա պատերազմ ու հասանք նրան, որ մեր երեխաներին տարան ու կոտորեցին, ու դիտավորյալ են կոտորել։ Համոզված եմ, ինքն ու իր ամուսինը հատուկ ծրագրով եկան, անցան իշխանության գլուխ, տապալեցին իշխանությունը, չգիտեմ սատանայական ինչ մտցրեցին ժողովրդի մեջ, որ կարողացան համոզել։ Մարդիկ իրենց ուղեղն անջատեցին ու հետևեցին դրանց, արդյունքում՝ մեր հզոր երկիրն այս օրի հասցրեցին»։

Տիկին Անուշի գնահատմամբ՝ օրվա իշխանությունը կոտորեց հայոց բանակն այնպես, որ այդ բանակը չկարողանա սահմանները պաշտպանել, այլ խոսքով՝ իշխանությունն իր առջև դրված խնդիրը կատարում է։

«Նախորդ տարի էր, այդ նույն Աննա Հակոբյանը հավաքեց զոհված տղաների մայրերին, ճաշկերույթ տվեց, ինձ ծանոթ մայրեր էլ կային, որոնց ես ասացի՝ եթե դուք ձեր որդիներին սպանած մարդու հետ սեղան եք նստում, ուրեմն՝ Աստված ձեզ հետ, հեռու գնացեք ինձանից։ Հիմա այս ամենի արդյունքում Աննա Հակոբյանը տեսնում է, որ «թափ» ունի, ինչ խոսում է, խոսքն անցնում է, մայրերին շողոքորթելով առաջ է գնում։

Հիմա չեմ ուզում վիրավորեմ, բայց տպավորություն էր, որ Աննան այդ կանանց հավաքել էր «գեղի կլուբում», ինքը ելույթ էր ունենում ամբիոնից, այդ կանայք էլ նստած ծափ էին տալիս, լավ, այդ կանայք ուղեղ չունե՞ն, լավ, չէի՞ն լսում՝ նա ինչ է ասում»,- զարմանքով շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, Աննա Հակոբյանը սգավոր կանանց ասում է՝ դուք պիտի սգաք այնպես, ինչպես ես եմ ասում, կամ չպետք է սգաք.

«Յուրաքանչյուր մարդ իր վիշտը յուրովի է տանում, ես փակվել եմ իմ տանը, իմ երեխու սենյակում՝ նրա նկարների հետ։  Ասում է՝ ձեր երեխաները զոհվել են, ոչինչ, նոր երեխաներ ունեցեք, կյանքը՝ կյանք է, կերեք, խմեք։ Լսի, Աննա Հակոբյան, դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ ես ինչպես սգամ, դու որդի կորցրե՞լ ես, քո ամուսինը ծառայե՞լ է, ձեր դասալիք թիմը ծառայե՞լ է, իրենք բանակի մասին ի՞նչ գիտեն, ի՞նչ գիտեն, թե ովքեր են Արցախն ազատագրել, ովքեր են հանուն հայրենիքի զոհվել։ Այդ 5 հազարից ավելի զոհերն իրենց զոհերն են։ Իմ տղան սահմանից 50 մետր հեռավորության վրա է կանգնել, զոհվել է, իր հողն է պաշտպանել, թշնամու ոտքն այդ հատված չի մտել, բայց սրանք եկան ու հանձնեցին։ Ես իմ երեխու պահած հողն եմ ուզում, ինչո՞ւ են հանձնել։ 5 չէ, 10 հազար մայրերով պիտի կանգնեին, գահընկեց անեին Աննա Հակոբյանին ու դասալիքներին, բայց չարեցինք, մի քանիսը ոտքի կանգնեցին։ Բա մեր տղաները, ո՞ւր է մեր հայ տղամարդու առնականությունը, որը պիտի կանգներ ու դրանցից երկիրն ազատեր ու անցներ թշնամուն մեր տարածքներից մաքրելուն»,- եզրափակեց Անուշ Հակոբյանը։

Հիշեցնենք, Արամայիս Ոսկանյանը ծառայում էր Արցախում, 2016 թվականի հունվարին թշնամու հերթական սադրանքի արդյունքում փրկել էր կրտսեր ընկերոջը և մահացու վիրավորում ստացել թշնամու գնդակից։

Տեսանյութեր

Լրահոս