Բաժիններ՝

Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը ներկայացվեց հանրությանը

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը ներկայացվեց հանրությանը։ Ապրիլի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր ոչ միայն ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, այլև հյուրեր, դերասաններ, կինոսերներ։

Կինոնկարում սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների հետևանքով ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:

Ֆիլմի նկարահանող ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Սերժ Գաբյանը սկսել է աշխատել նախագծի վրա 2020 թվականից:

«Քրեական կատակերգություն է՝ նոր ժանր հայկական ֆիլմարտադրության մեջ, նման ոճային փորձեր քիչ են արվել։ Ֆիլմը՝ իր ժանրային տարօրինակություններով, նոր շունչ կտա մեր մշակութային աշխարհին և հետաքրքիր կլինի. դրանով իսկ մեր ուզածին հասել ենք։ Իմ ուզածը՝ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, կայանալն էր, ստեղծել նոր ոճ, դրա հետ մեկտեղ անել ամեն ինչ, որ այն ծառայի հայ մշակույթին և ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ նման նոր արտադրանքը մեզ վրա ուշադրություն է սևեռելու»,-նշում է Սերժ Գաբյանը՝ հավելելով՝ պետք չէ վախենալ նոր բաներ անելուց, փորձելուց։

Նրա խոսքով՝ ֆիլմում ներգրավված են եղել թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, մեծ մասը՝ թատրոնի դերասաններ, ինչպես նաև արտիստներ, որոնց առաջին դերասանական փորձն է՝ ի դեմս, օրինակ, ռեփեր Նարեկ Հովսեփյանի։

«Իմ ոլորտը մի քիչ այլ է, առաջարկել են մի քանի ֆիլմում նկարահանվել, չեմ համաձայնել, քանի որ դրանք նույնատիպ են եղել։ Քանի որ ես շատ եմ սիրում իմ գործում կարծրատիպ կոտրել, նկատեցի, որ այս գործով կարծրատիպ ենք կոտրում»,-նշում է Նարեկ Հովսեփյանը (A-Chilla)։

Թատրոնի ռեժիսոր, դերասան Ջերարդ Փափազյանը «ՕԹԹԿ»-ն բնորոշում է որպես խելառ ֆիլմ։ Փաստում է՝ նկարահանումները շատ լավ են անցել։ Կասկածում է՝ գուցե ֆիլմը մեծահասակները չհասկանան, բայց երիտասարդներին վստահաբար հետաքրքիր կլինի. «ՕԹԹԿ»-ում տարբերվող բան է՝ մինչև հիմա ստեղծված հայկական ֆիլմերի մեջ։

Կինոնկարում ներգրավված են շուրջ 30 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարողներ։ Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը և Արման Ղազարյանը, ֆիլմում նաև իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ Հովսեփյանը հայտնի ինչպես՝ A-Chilla: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս, Երևանում:

Կինոնկարում նկարագրված բոլոր կերպարները մտացածին են և ոչ մի առնչություն չունեն իրական մարդկանց հետ, անունների զուգադիպությունը բացարձակապես պատահական է:

Այն նախատեսված է 18+ տարիքի հանդիսատեսի համար: Ֆիլմում կան հակասոցիալական գործողությունների տեսարաններ և բազմաբարբառ ժարգոնային խոսակցություն: Ֆիլմի միակ նպատակն է ծիծաղաշատ ժամանց տրամադրել հանդիսատեսին: Ֆիլմը նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան Ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս