«Ես ինչո՞ւ պիտի իմ անձնական հաշիվների շարժերը ներկայացնեմ բանկին, ի՞նչ կապ ունի «ճանաչիր հաճախորդիդ» սկզբունքը, երբ Հաճախորդը ՍՊԸ-ն է, ոչ թե ես». Միքայել Մինասյան
Դեռևս մարտի 2-ին Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։
«Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հանրային կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանը երեք հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ իր բարձրացրած խնդիրներում անձամբ ներգրավված է եղել։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվության ամենամեծ չափաբաժինը կոորդինացրել է մեր ասոցիացիան, և Հայաստան մտնելուց հետո այդ ամբողջ իրեղեն նվիրատվությունն Առողջապահության նախարարության միջոցով բաժանվել է։ Խնդիրը նրանում էր, որ ներմուծելուց հետո մինչև դուրսբերումը 6-8 ամիս է տևել, այն պահին, երբ այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր սահմանամերձ գոտում, էլ չասենք Արցախի մասին, որտեղ անմիջապես այդ ամենը պետք էր։ Ինչո՞ւմն էր խնդիրը, ինչո՞ւ այդքան երկար տևեց, ի՞նչն էր պետության գործառույթը, եթե ընդամենը գույքագրում է կատարում, հանձնվում է մեզ, և մենք սփյուռքի գումարներով դա բաժանում ենք Հայաստանում։ Խնդիրը համակարգային է, որը մինչև այժմ չի լուծվել»,- նշել էր Միքայել Մինասյանը։
Միքայել Մինասյանն անդրադարձել էր նաև բանկային հաշիվ բացելու հետ կապված խնդրին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների ուսուցման ծրագրին, որը փակել էր ՀՀ կառավարությունը։
168.am-ը Միքայել Մինասյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ի՞նչ արդյունքներ են եղել, ի՞նչ են պատասխանել կառավարությունից։
«Ինձանից բանկը պահանջում է գործընկերային պայմանագրեր, որ դոլարի և եվրոյի հաշիվ բացի, իսկ Փաշինյանի աշխատակազմը հղում անելով Կենտրոնական բանկի գրության վրա՝ գրում է, որ ԿԲ-ն չի կարող միջամտել բանկերի և այլ անձանց ընթացիկ գործունեությանը՝ համապատասխան ՀՀ ԿԲ մասին օրենքի 35 հոդվածի 2-րդ մասի, և, որ ԿԲ-ն ինձ մատնացույց էր արել «ճանաչիր հաճախորդիդ» սկզբունքի վրա, որով իմ դիմած բանկն առաջնորդվել է՝ ինձանից պահանջելով անձնական տվյալներ իմ այլ հաշիվների, այդ թվում՝ Գերմանիայում ունեցած շրջանառության, սեփականության վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր: Ինձ համար անհասկանալի է մնում. բացել եմ ՍՊԸ, այն առանձին մարմին է, իսկ ես 100% բաժնետեր եմ, ես ինչո՞ւ պիտի իմ անձնական հաշիվների շարժերը ներկայացնեմ բանկին, ի՞նչ կապ ունի «ճանաչիր հաճախորդիդ» սկզբունքը, երբ Հաճախորդը ՍՊԸ-ն է, ոչ թե ես: Իսկ ՍՊԸ-ն նոր է բացվել, թողեք աշխատի, նա ինչո՞ւ պիտի իր բիզնես գործընկերներին ներկայացնի բանկին: Բանկը հո պետության հարկահանման գործառույթ չունի՞, որ պահանջի ստուգել իմ գործարքային պայմանագրերը: Իմ փաստաբանի մեկնությամբ տեղյակ եմ, որ նման խնդրի հետ բախվում են այսօր բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, ովքեր Հայաստանում ցանկանում են հաշիվ բացել: Այսինքն՝ սա համակարգային բնույթ է կրում: Բանկերի լիազորությունները պետք է սահմանափակել և հեշտացնել հաճախորդների պահանջների կատարումը»,- նշեց Միքայել Մինասյանը։
Ինչ վերաբերում է Մարդասիրական օգնությանը, Միքայել Մինասյանը ներկայացրեց երկու դիտարկում.
«Բեռների ստացման և բացթողնման ժամկետները պետք է հստակ սահմանվեն: Ինձ թվում է՝ այն պետք է ոչ ավելի, քան 40 օր տևի ոչ արտակարգ իրավիճակներում: Արտակարգ իրավիճակում՝ առավելագույնը՝ 1 օր: Իսկ թե գործընթացի վարումը պետությունն ինչպես ներքին կարգով կկարգավորի, դա իր գործն է: Մարդասիրական բեռը ոչ մի դեպքում չի կարելի հարկման ենթարկել, սա պետք է հասկանան մեր գործադիրի աշխատողները»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող զինվորների կրթության մասին՝ իրենց նախաձեռնած ծրագրին, ասելով, որ հիմա Հայաստանում գործում է «Մտքի Զարկ» հ/կ-ն, որի հիմնադիրն այլ մարդկանց հետ՝ նաև ինքն է, և փորձում է անհատ բարերարների միջոցով իրականացնել այն։
«Մարտ ամսից Մտքի Զարկ հ/կ-ը փորձում է անհատ բարերարների միջոցով վերականգնել ՏՏ ուսուցման դասընթացները վիրավոր և հաշմանդամ զինվորների, և կամավորականների համար, սակայն պետությունը, ինչպես նշել էի իմ հարցադրման մեջ, կրկին ձեռնպահ է մնում ֆինանսներ տրամադրելուց: Նման ձեռնարկները չեն կարող առանց պետական հովանավորության լիարժեք հաջողություն ունենալ: Վերջապես սա նաև բարոյական մոտեցման հարց է պետական այրերի համար. այլևս ո՞ւմ պիտի աջակցել, եթե ոչ՝ հայրենիքի համար արյուն թափած երիտասարդին: Անելիքները շատ են, վերջապես պետական այրերը պետք է արդյունավետություն ցուցաբերեն: Հղում անելով այս կամ այն օրենքին կամ որոշմանը և գործ չանելով՝ հայրենիք չեն կառուցի»,- եզրափակեց Միքայել Մինասյանը։