Վրաստանում իշխող կուսակցության առաջնորդը դատապարտել է վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չհիմնավորված Է համարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը վրացի բարձրաստիճան չորս դատավորների նկատմամբ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։
«Միանգամայն չհիմնավորված, առանց որևէ ապացույցի, մեր չորս դատավորները մեղադրվել են կոռուպցիայի մեջ: Եթե այդ դատավորները խախտել են օրենքը, ինչո՞ւ են դա թաքցնում ոչ միայն Վրաստանի իշխանություններից, այլև վրաց ժողովրդից», -Կոբախիձեն ասել Է «Իմեդի» հեռուստաընկերության եթերով։ Նրա խոսքով՝ Բլինքենի հայտարարության հետևում «կա վրացական անկախ դատարանին միջամտելու քաղաքական շահագրգռվածություն»։ «Չորս դատավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Վրաստանը չի դիտարկվում որպես պետություն (…) Մենք մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետական շահերը», – նշել է Կոբախիձեն։
Նա չի բացառել, որ պետքարտուղարին «պարտադրել են» վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարությունը:
«Բոլորս հիանալի հասկանում ենք, որ պարոն Բլինքենը չի քնում և չի արթնանում՝ Վրաստանի մասին մտածելով, նա չափազանց շատ գործեր ունի անելու։ Երբ նրան նման կոպիտ փաստաթղթեր են ներկայացնում, դրա հետևում կարող են լինել կոռուպցիոն գործընթացներ, ընդ որում՝ կոռուպցիան միշտ չԷ, որ փողն Է: Այդ մարդիկ, որոնք պետքարտուղարի համար նման փաստաթղթեր են կազմում, կապված են «պատերազմի կուսակցության» հետ, և դրանք վերացական հերյուրանքներ չեն», – ասել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ Վրաստանի ղեկավարությունը քննարկում կանցկացնի Բլինքենի հայտարարությանն արձագանքի շուրջ։ «Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ որևԷ անօրինական գործողությամբ ոչ ոք չի կարողանա ազդել Վրաստանի անկախ դատարանի վրա», – ընդգծել է Կոբախիձեն։
Ժամեր առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել Է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ են սահմանվում Վրաստանի բարձրաստիճան չորս դատավորների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։