Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված, չի կատարվում միջազգային դատարանի վճիռը․ Փաշինյան

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։

Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։

«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականները առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար։

Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- նշեց վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս