«Եռաբլուրի տարածքը կպարսպապատվի. Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ դարձնելու համար». աղբյուր

«Փաշինյանն ու թիմակիցները խուճապի մեջ են, ամեն կերպ փորձում են թաքնվել քաղաքացիներից և դա անում են ոստիկանների, թիկնապահների, ՊՊԾ և ԱԱԾ աշխատակիցների միջոցով, բայց հիմա նոր բան են մտածել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր աղբյուրը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն իրեն մտերիմ համարող թիմակիցների մոտ անկեղծացել է, որ իրենց հաջողվել է տարբեր հանրահավաքների, բողոքի ակցիաների և ցույցերի ժամանակ ապահովել սեփական անվտանգությունը, բայց նույնը հնարավոր չէ ապահովել  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արարողություններին մասնակցելու ժամանակ: Խոսքը 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողների և հարազատների մասին է: Նրանցից շատերը գրեթե ամեն օր «Եռաբլուր» են գնում, և երբ տեղեկանում են, որ Փաշինյանը պատրաստվում է «Եռաբլուր» այցելել, այդ ժամանակ հավաքվում և փորձում են կանխել նրա մուտքը  պանթեոն՝ պղծելու իրենց որդիների շիրիմներն ու հիշատակը:

«Նիկոլ Փաշինյանը գտել է նաև զոհված զինծառայողների ծնողների դեմ պայքարի ձևը: ՊՆ-ում ակտիվ քննարկվել է և որոշում է կայացվել «Եռաբլուր»-ի ամբողջ տարածքը պարսպապատել և քաղաքացիների, այդ թվում՝ զոհված զինծառայողների հարազատների մուտքը պանթեոն թույլ տալ միայն հսկիչ-անցագրային կետում անձնագիր ներկայացնելուց հետո: Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Փաշինյանը մտադրվի այցելել  «Եռաբլուր», զոհվածների ծնողների մուտքը կարգելվի:  Եվ եթե մինչև հիմա Փաշինյանն էր սպասում, որ ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները հեռացնեին ծնողներին, ապա պարսպապատելուց և հատուկ անցակետ դնելուց հետո ծնողներն են ստիպված լինելու սպասել,  մինչև Փաշինյանը  և նրան ուղեկցող իշխանական թիմը հեռանան ծնողների համար սրբավայր դարձած պանթեոնից:

Այս ծրագիրը նախկինում ՊՆ-ում քննարկվել է, բայց այն ժամանակ այլ հանգամանքներ էին հաշվի առել, ասենք՝ կանխելու հնարավոր գողությունները, գերեզմանաքարերի վնասումը: Վերջին տարիներին, ի դեպ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրի» տարածքում մեծ թվով տեսախցիկներ են տեղադրել, ուժեղացրել են պանթեոնի պահպանման անվտանգությունը:

Կարդացեք նաև

168.amը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ՝ պարսպապատման մասին պաշտոնական տեղեկություններ ստանալու ակնկալիքով:  Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասֆալտապատման և բարեկարգման այլ աշխատանքներին զուգահեռ՝ նաև պանթեոնում նոր մուտքերի ճանապարհներն են կարգի բերվում»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։

Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ծնողները նաև 2023 թվականի հունվարի 28-ին՝ բանակի օրը, վաղ առավոտից հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ արգելելու Փաշինյանին և նրա թիմիակիցներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին:

Տեսանյութեր

Լրահոս