Եռաբլուրում խիստ լարված իրավիճակ է
Երեկ ուշ երեկոյան 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողները հայտարարել էին, որ թույլ չեն տալու Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի, առաջին հերթին` Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր. «Նրանք են իրեն գործողություններով, դավաճանական քայլերով սպանել մեր որդիներին, պատերազմ հրահրել, ապա անկառավարելի վիճակ ստեղծել և դաժան պարտությունների տարել երկիրը: Ձևական, իրենց PR-ի համար չեն գալու, ծաղկեպսակ չեն դնելու, նրանք ամեն օր Եռաբլուրի տարածքը մեծացնում են` նոր զոհեր տալով մեր երկրին»,-հայտարարել էին նրանք:
Լուսադեմին, ժամը 05.40-ի սահմաններում Եռաբլուրում իրավիճակը կտրուկ լարվեց: Ծնողները, որոնք հերթապահություն են սահմանել` ողջ գիշեր մնալով Եռաբլուրում, նկատում են, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ծաղկեպսակ է դրվել: Ծնողներից մեկը ծաղկեպսակը դեն նետեց` դուրս բերելով Եռաբլուրի տարածքից` ասելով, որ թույլ չեն տալու պղծել պանթեոնը:
Ոստիկանական, ուժային կառույցների հսկայաքանակ ուժեր են կենտրոնացած, իրավիճակը խիստ լարվում է: Այնպիսի տպավորություն է, կարծես ուժայիններին կենտրոնացրել են, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Ծնողները հաստատակամ են` թույլ չեն տալու նրա մուտքը: