Փողոցից եկած մարդիկ իրենց փողոցային պահվածքը պալատներում էլ կարող են շարունակել. Կարինե Նալչաջյան

Ագրեսիա, նախանձ, վախ. հոգեբան Կարինե Նալչաջյանն այս հանգամանքներով է պայմանավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին մի քանի միջադեպերը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն էր հասցրել թքել իրեն «դավաճան» որակած քաղաքացու վրա, այսօր արդեն՝ այլ ՔՊ-ականներ սպառնալիքներ էին հնչեցրել ընդդիմադիր խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին, քանի որ նա 2018 թվականի իրադարձությունները որակել էր՝ իբրև «ադրբեջանաթուրքական հեղափոխություն»:

«Ակնհայտ էր, որ հրահանգ կար խուլիգանություն անել: Փողոցից եկած մարդիկ իրենց փողոցային պահվածքը պալատներում էլ կարող են շարունակել, և իրենք շարունակեցին իրենց ոճով: Եթե հիշեք 2018 թվականի իրադարձությունները, նրանք հենց այս ոճի մեջ էին՝ ուղղակի այն ժամանակ մարդկանց խաբելով՝ դեռ պալատը չէին գրավել,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկմանն ու այդ քննարկման ընթացքում Էդգար Ղազարյանի հանդեպ իշխանական թիմի վերաբերմունքին անդրադառնալով՝ նշեց Կարինե Նալչաջյանը, իսկ պատճառների մասին՝ նկատեց, որ սա պայմանավորված է իշխանության վախերով,- Չնայած իրենց ինտելեկտին՝ իրենք հասկանում են`ինչ են արել,  թե իրենք ինչ աղետ են բերել: Իրենք արդեն տեսնում են ժողովրդի ատելությունը և փորձում են խախտումների, օրինազանցությունների գնով, մարդկանց խաղաղությամբ խաբելով՝ ինչ-որ փոքր հաջողությունների հասնել, բայց հասկանում են, որ չեն կարող հանրային ատելության թիրախ չդառնալ: Այժմ իրենք շատ պրիմիտիվ ձևով զբաղված են իրենց անարժեք կաշին փրկելով»:

Ի դեպ, հոգեբանի դիտարկմամբ, «կաշին փրկելու» գործընթացն իրենք իրականացնում են «ոհմակի տրամաբանությամբ»:

Կարդացեք նաև

«Իրենց մոտ ոհմակի զգացողությունը կա. իրենք ինչ անում են, ոհմակով են անում: Նույնը՝ Ալեն Սիմոնյանի պարագայում էր. ոհմակն իր թիկունքին կանգնած էր: Եթե իրենց առջև հայտնվում է ինտելեկտուալը, հայրենասերը, իրենք ուղղակի ոհմակով կհարձակվեն:

Վախը և ագրեսիան իրար շատ կապված են. իրենք վախենում են իրենց կաշվի համար: Իրենք նաև նախանձում են. ցածր ինտելեկտ ունեցող, անտաղանդ մարդը միշտ նախանձում է տաղանդավորին: Սա օրինաչափություն է: Էդգար Ղազարյանի և իրենց գիտելիքները նայեք՝ ամբողջովին այդ մարդու տրամաբանությունը, իրավական գիտակցության բարձր լինելը, հայրենիքի զգացողությունը: Իրենք նախանձում են, որովհետև չեն կարող մի նախադասություն սկզբից մինչև վերջ կազմել»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս