Մակրոնն ապրիլի 5-7-ը կայցելի Պեկին. Չինաստանի ԱԳՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 5-7-ը պետական այցով կլինի Չինաստանում: Այս տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինգը։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 5-7-ը պետական այցով կժամանի Չինաստան», – ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես մարտի 31-ին հաղորդել էր Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին, Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը և Պեկինին զգուշացում անել՝ կապված Ռուսաստանին ռազմական աջակցություն ցույց տալու հետ:
Գործակալությունը նաև հայտնել էր, որ Մակրոնը կձգտի սկիզբ դնել հարաբերությունների վերականգնման գործընթացին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով անձնական շփումների բացակայության երկարատև շրջանից հետո։ Մակրոնը և Սի Ծինփինը վերջին անգամ հանդիպել են Ինդոնեզիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, իսկ Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Պեկին կայացել է 2018 թվականի հունվարին: