Ի՞նչն է այդպես ոգևորել Վահան Քերոբյանին
«2023թ. փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը շարունակում է երկնիշ մնալ արդեն 10 ամիս շարունակ։ Փետրվար 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111,3 տոկոս։ Հունվար-փետրվար 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 110,9 տոկոս»,- այսպես է արձագանքել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա առաջին երկու ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակմանը։ Սակայն նա խուսափել է ասել, թե այդ աճերն ինչի հաշվին են եղել։ Մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան այն երկնիշ աճը, որով հպարտանում է էկոնոմիկայի նախարարը։
Այդ «հպարտության» արտահայտությունը երևում է հատկապես արդյունաբերության ցուցանիշներում։
Քերոբյանի ասած երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում արդյունաբերության աճը փետրվարին՝ նախորդ տարվա համեմատ, երբ դեռևս չկային ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված հայտնի գործոնները, որոնք մեծապես ազդել են Հայաստանի տնտեսական աճի այս տարվա ցուցանիշների վրա, կազմել է ընդամենը 0,7 տոկոս։
Տարեսկզբի երկու ամիսներին էլ արդյունաբերության աճը եղել է ընդամենը 1 տոկոս։
Տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին կազմել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության աճը՝ ընդամենը 1 տոկոս։ Հունվարի համեմատ՝ այն նույնիսկ նվազել է՝ 1,4 տոկոսից երկու ամիսների հանրագումարում դարձել է 1 տոկոս։
Սա է երկնիշ տնտեսական աճի պայմաններում մեր տնտեսության իրական հատվածի, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի ցուցաբերած արդյունքը։ Այն իրականում՝ ինչպես նախարարին, այնպես էլ՝ կառավարությանը մտահոգվելու լուրջ առիթներ պետք է տար։ Չնայած արձանագրվող երկնիշ ակտիվության աճին, տնտեսության իրական հատվածում զարգացումներ գրեթե չկան։ Իսկ աճերը հիմնականում էլի առևտրի ու ծառայությունների հաշվին են։
Թե ինչո՞վ են դրանք պայմանավորված՝ հայտնի իրողություններ են։ Ու դա մեկ անգամ ևս տեսնում ենք հատկապես արտաքին առևտրի ցուցանիշներում։
Նախորդ տարվա համեմատ արտաքին առևտրի հսկայական աճեր են գրանցվել՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման առումով։ Ներմուծումը փետրվարին, նախորդ փետրվարի համեմատ, ավելացել է 62 տոկոսով։
Արտահանումն ավելի քան կրկնապատկվել է։ Եվ դա տեղի է ունեցել արդյունաբերության ընդամենը 0,7 տոկոս աճի պայմաններում։
Էներգետիկայում նույնիսկ անկում է գրանցվել։ Ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան նախորդ տարի։
Բայց, ինչպես տեսնում ենք, արտահանումն այս ամենից չի տուժել, նույնիսկ հսկայական տեմպերով ավելացել է։ Արտադրություն չի եղել, բայց արտահանվել է։
Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես է տեղի ունեցել. դրսից ապրանքները բերել են ու տարել Ռուսաստան։ Այդ աճերի մեջ մեր տնտեսության իրական պատկերը երևում է արդյունաբերության հատվածի ցուցանիշներում։ Այլ երկրների տնտեսությունների հաշվին արձանագրվող երկնիշ աճերն էկոնոմիկայի նախարարին հրճվելու ոչ մի առիթ չեն տալիս։ Դրանք նախարարության ու կառավարության աշխատանքի հետ կապ չունեն։ Սա, ըստ էության, հասկացել են նաև իշխանական որոշ շրջանակներ, որոնք վերջին շրջանում սկսել են անթաքույց հայտնել իրենց դժգոհությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի ու ընդհանրապես իրականացվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
Որքան էլ այսօր այլ գործոնների արդյունքում երկնիշ աճեր են արձանագրվում, այդ քաղաքականությունը մեզ լավ տեղ չի տանում։ Տնտեսությունը երկնիշ աճում է, բայց տնտեսության կառուցվածքը դրանից ավելի է վատանում։
Իրական հատվածի դերը տնտեսության աճի մեջ գնալով ավելի է կրճատվում, ավելանում է առևտրինն ու ծառայություններին։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ արդյունաբերության աճը տարեսկզբի 2 ամիսներին կազմել է ընդամենը 1 տոկոս, իսկ այդ նույն ժամանակ ներքին առևտուրն աճել է՝ 18, ծառայություններն էլ՝ ավելի քանի 23 տոկոսով։
Պարզ է, որ այսպիսի զարգացումների պայմաններում պիտի տեղի ունենա տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքի ձևախեղում։
Առևտուրն ու ծառայությունները, որոնք վերջին մեկ տարում էական դեր են կատարում տնտեսական աճի ցուցանիշներում, շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը։ Էկոնոմիկայի նախարարի ասած՝ վերջին 10 ամիսների երկնիշ տնտեսական ակտիվության մեջ այդ երկու ոլորտներն ունեցել են վճռորոշ նշանակություն, այսօր էլ շարունակում են ունենալ։
Արտաքուստ բարձր ակտիվությամբ առանձնացող ներքին առևտուրը, սակայն, չի վերաբերում մանրածախին։ Մանրածախ առևտուրը, որն առնչվում է քաղաքացիներին, գրեթե չի ավելանում կամ շատ դանդաղ է տեղից շարժվում։
Անցած տարի մանրածախ առևտրի աճը կազմեց ընդամենը 2,6 տոկոս, իսկ այս տարվա սկզբին կազմել է հազիվ 1,3 տոկոս։ Այն դեպքում, երբ վերջին մեկ տարում դրսից մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ են տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում՝ իրենց հետ բերելով նաև լրացուցիչ բավական բարձր սպառողական պահանջարկ։
Բայց նույնիսկ այդ պայմաններում մանրածախ առևտուրը չնչին աճ է ունեցել։ Մի բան, ինչը ցույց է տալիս, թե հայտարարվող երկնիշ տնտեսական աճերից որքանով է շահել հասարակության սպառողունակությունը։
Աճը բարձր է ծառայություններում ու կրկին այն գործոնների պատճառով, որոնք թելադրված են դրսից։ Բայց դրանց ազդեցություններն առաջիկայում գնալով կթուլանան՝ կապված ինչպես նախորդ տարվա բարձր բազայի, այնպես էլ՝ որոշ հատվածներում նկատվող պասիվացման հետ։ Այդ ազդեցություններն առավել նկատելի կլինեն հատկապես տարվա կեսերին։
Արդեն մարտ-ապրիլից պատկերն աստիճանաբար կփոխվի։ Իսկ թե մինչև ո՞ւր կարող է հասնել, կտեսնենք ապագայում։
Այս պահին արտաքին գործոնների ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա շարունակում է չափազանց մեծ լինել։ Բայց արդեն նկատվում են միտումներ, որոնք խորանալու պարագայում կարող են էլ ավելի արագ փոխել իրավիճակը տնտեսության այն հատվածներում, որտեղ դեռևս բարձր աճեր են գրանցվում։
Խոսքը ոչ միայն առևտրի ու ծառայությունների, այլև շինարարության մասին է, որտեղ ևս մեծ ռիսկեր են կուտակվել՝ չպատճառաբանված բարձր գների ու համատարած վարկավորման պատճառով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ