«Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. գնացե՛ք, մեզ կործանման եք տանում». Հուսիկ Արան՝ իշխանություններին
«Էդ նո՞ր են հասկանում, որ Ադրբեջանն էթնիկ զտում ու ցեղասպանություն է պատրաստվում իրականացնել, դա 100-ամյակներով մեզ պարզ է: Ժամանակին ավելի խելացի մարդիկ այդ մասին բարձրաձայնել են, նո՞ր են հասկանում: Իսկ այսօր ո՞վ հասցրեց այդ վիճակին, որ Արցախը նորից կանգնի էթնիկ զտման կամ ցեղասպանության վտանգի առաջ՝ իրենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ անդրադառնալով կառավարության նիստում Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում:
«Միայն խոսելով, կոչեր անելով՝ բավարարվում է Հայաստանի իշխանությունը, ասում են՝ մենք կապ չունենք, մեր իրավասությունից դուրս է միջանցքը բացելը, ձեռքերը լվանում են, Արցախը հրում են ռուս խաղաղապահների կամ չգիտեմ ում իրավազորության տակ և թռնում: Եռակողմ հայտարարությունը նաև Հայաստանն է ստորագրել, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Դուք հասցրել եք այդ վիճակին, նրանք էլ առիթից օգտվելով՝ շրջափակել են: Պրահայում պայմանավորվել են, նախ՝ ռուս խաղաղապահների ձեռքերն էլ են կապել ու պահանջում են: Եղե՞լ է որևէ քայլ այս տարիներին՝ հօգուտ Արցախի, կատարեք, նոր ուրիշից պահանջեք: Ռուսաստանն էլ ասաց՝ թողնում ենք ձեր խղճին:
Իշխանական շրջանակները վերջին շրջանում քննարկում են այն սցենարը, որ 120.000 արցախցիներին պետք է տեղափոխել Հայաստան՝ նրանց ցեղասպանությունից փրկելու, նաև՝ որպես Հայաստանին Ադրբեջանի հետագա ագրեսիայից ապահովելու միջոց: Այս թեզը հնչել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերից:
Հուսիկ Արան դա համարում է ոչ միայն դավադիր, այլև խելապակաս հայտարարություն. «Ի՞նչ իրավունքով, երիտթուրքե՞րն եք, հա, որ Սիրիայի անապատ էին տեղափոխում արևմտահայությանը: Ո՞վ եք, որ տեղափոխեք արցախահայությանը՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Արցախահայության անվտանգությունն իր բնօրրանում պետք է ապահովվի: Արցախը ինքնորոշվել է: Ինչի՞ մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու մասին. ո՞վ է այդ անվտանգությունն ապահովելու, Ադրբեջա՞նը: Ո՞վ է նրանց իրավունքները հարգելու. բացահայտ մորթում, խեղում, ցեղասպանում են»:
Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ունակ չեն որևէ հարց լուծել. «Նրանք տգետ ու անկարող են: Գոնե գնացեք, գնացեք, տեսնենք՝ ինչ է լինում, փրկենք մի պատառ արցախահայության և Հայաստանի ու Հայաստանի բնակչության գոյությունը: Մեր լինել-չլինելու հարցն է: Անընդհատ ասում են՝ պատերազմ է լինելու, բայց մենք խաղաղության ենք ձգտում: Դուք եք խելագա՞ր, թե՞ մեզ եք խելագարի տեղ դրել: Երկու տարբերակն էլ արդեն իրենց սպառել են՝ և՛ իրենց խելագար խաղը, և՛ մեզ խելագարի տեղ դնելը»:
Բանաստեղծը համախմբման կոչ է անում. «Սա գոյաբանական խնդիր է, մեր լինել-չլինելն ուղիղ դրված է այսօր: Պետք է կարողանանք ուժ գտնել մեր մեջ և պաշտպանել Արցախը: Վախեցնում են, թե՝ պաշտպանել՝ նշանակում է գնալ՝ կոտորվել: Ո՛չ: Կան հազար ու մի ճանապարհներ, նաև չպատերազմելու ճանապարհներ կան: Խելքը, բանակցությունը ինչի՞ համար է, որից այս մարդիկ զուրկ են: Ադրբեջանն ասում է՝ ամեն ինչ զիջիր, դե զիջիր: Ադրբեջանն ասում է՝ Երևանը Ադրբեջան է, պետք է վերադառնանք, դու էլ բերանդ ջուր հավաքած՝ նստել, սպասում ես: Էլ ի՞նչ ասեն, ասում են՝ Հայաստան չկա, կա Արևմտյան Ադրբեջան, մեր ժողովուրդը հաշտվո՞ւմ է այդ մտքի հետ: Մտավորականությունը գոնե այս իրավիճակում մի մարդու պես պետք է համախմբված կանգնի՝ իր երկրին տեր լինի, կարողանա խոսք ասել, հասկացնել, առաջնորդել: Ժողովրդին զգուշացնում էին, որ Արցախի կապիտուլյացիան ստորագրել է, հաջորդը Հայաստանն է լինելու, բայց նա նորից վերընտրվեց. Սա էր մեր պատմական խայտառակությունը, մեր պատմության ամենախայտառակ էջը: Հիմա մտավորականն էլ չգիտի՝ ինչ անել: Ժողովրդին ասում են՝ գնում ես կործանման, ուղղակի գնում է, իր էշն է քշում:
Աննորմալ վիճակ է: Արդյո՞ք մտավորականությունը համախմբվի՝ ինչ-որ ազդեցություն կունենա: Հակաբնական վիճակ է այն, ինչ կատարվում է Հայաստանում: Սա ավելին է, քան խելագարությունը, ավելին է, քան դավաճանությունը. ծրագրված տանում են կործանման: Բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները փչացրել են: Այս մարդիկ եկել են ու ինչ-որ ծրագիր են իրականացնում, բայց մի պահ չեն սթափվում, որ ասեն՝ այս ծրագիրն իրականացնելու արդյունքում ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլև Հայաստանը: Մի օր չե՞ն արթնանում, հասկանան՝ ինչ են անում: Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. սա ավելին, քան դավաճանություն է: Այս արարածների ամեն քայլը կատարյալ կործանման է մեզ տանում: Մեր ժողովուրդը պետք է սթափվի: Սրանց մեկ վայրկյան առաջ քշել է պետք: Գնացե՛ք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում