
Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի

Հոկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, օդի ջերմաստիճանն էլ նորմայից բարձր, ինչը վարարումներ հոսքի վրա կունենա բացասական ազդեցություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Արդեն փետրվարին ամսական տեղումների քանակը մոտ 30 տոկոսով եղել է նորմայից բարձր: Մարտ ամսին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով: Մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է 2200 մ-ից բարձր հատվածներում: Այսօր ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 մ-ից պակաս է, ինչը նույնպես բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների ձևավորման վրա»,-ասաց Լևոն Ազիզյանը:
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են 50-70 տոկոսի սահմաններում:
Հանրապետության 5 խոշոր ջրամբարների լցվածության տվյալները հոսադրող չեն: Ըստ Լևոն Ազիզյանի՝ Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում կանխատեսվում է ջրալցվածություն 65-70 տոկոսի չափով, Ազատի, Մարմարիկի ջրամաբարներում՝ 75-80 տոկոսի չափով, Ապարանի ջրամբարում՝ 45-50 տոկոսի չափով: Նախորդ տարվա համամետ ջրամբարների լցվածությունը կանխատեսվում է 10 տոկոսով պակաս: