«ԱՊՊԱ-ն 23 տոկոս կթանկանա այն վարորդների համար, որոնք նախանձախնդիր չեն երթևեկության կանոնները պահպանելու հարցում». Փաշինյան
«2023 թվականի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ ԱՊՊԱ ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է.
«Որովհետև մենք կարծում ենք, որ բյուրոն՝ թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից, պատրաստ է ազատական համակարգի անցմանը:
Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում ըստ էության չենք ունեցել: Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը:
Երկրորդ՝ գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները: Օրինակ՝ մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար, կամ խմբային մոտեցում մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար, այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, որը, ինչպես նշեցի, վարորդի կարգապահական կամ անհատական տվյալներն ըստ էության ձևավորելու են այն սակագինը, որն ինքը վճարելու է ԱՊՊԱ-ի համար»:
ԿԲ նախագահն ասաց, որ ապրիլի 1-ից գործելու է նաև առցանց հարթակ, որտեղ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կտեսնեն բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները.
«Ըստ այդմ կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը: ԱՊՊԱ բյուրոյի կողմից նախապես նաև որոշակի մոդելավորման աշխատանքներ են իրականացվել ու նախնական տվյալները փաստում են հետևյալի մասին:
Եթե, օրինակ՝ բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան: Սա, իհարկե, չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, այլ բազային պայմանագրին: Բնականաբար, բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի այդ երկուսի համադրման արդյունքում»:
Փաշինյանն էլ իր հերթին՝ արձանագրեց.
«Ըստ էության 23 տոկոսը, ում համար գինը կարող է բարձրանալ, մեր այն սիրելի հայրենակիցների մասին է խոսքը, որոնք առանձնապես նախանձախնդիր չեն երթևեկության կանոնները պահպանելու հարցում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում