Մակրոնի վարկանիշը հասել է վերջին 4 տարվա ընթացքում նվազագույնին՝ պայմանավորված կենսաթոշակային բարեփոխումներով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է վերջին չորս տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Դրա պատճառը կենսաթոշակային բարեփոխումների նախագիծն է, որը երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել:
Նշվում է, որ ըստ BVA ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների՝ հարցված ֆրանսիացիների միայն 28%-ն է հայտնել, որ բավարարված է նախագահի պաշտոնում Մակրոնի գործողություններից։ Դա 6 տոկոսային կետով պակաս է, քան նշվել է փետրվարի վերջին։
«Այսպիսով, պետության ղեկավարի վարկանիշը մոտենում է 26% ամենացածր մակարդակին, որը դիտվել է 2018 թվականի նոյեմբերին «դեղին բաճկոնների» շարժման ամենաթեժ պահին», – նշել են ընկերությունում։
Ինչ վերաբերում է վարչապետ Էլիզաբեթ Բոռնին, ապա նրա վարկանիշը նույնպես մեկ ամսվա ընթացքում նվազել է մինչև 28%:
Սոցիոլոգների խոսքով՝ սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի մայիսին կառավարության ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելուց հետո։ Ինչպես նշել են ընկերությունում, կատարված հետազոտությունը հաստատել է մի քանի միտումներ, որոնք առաջացել են ֆրանսիական հասարակության մեջ կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քննարկման սկզբից ի վեր։
Այսպես, օրինակ՝ հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների մեծամասնությունը (70%) դեմ է կենսաթոշակային տարիքի բարձրացման օրինագծի ընդունմանը։
Հարցվածների 64%-ը լիովին պաշտպանում է կառավարության միջոցառումների դեմ գործադուլները և բողոքի ցույցերը։
Հարցումն անցկացվել է մարտի 24-25-ը։ Դրան մասնակցել է Ֆրանսիայի՝ 18 տարեկանից բարձր հազար բնակիչ։
Բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան և կենսաթոշակային հատուկ ռեժիմների վերացում, ներկայացվել է հունվարին:
Դրա նպատակն է սոցիալական համակարգի ֆինանսական հավասարակշռության ապահովումը։ Առաջարկվող փոփոխություններն անմիջապես առաջ բերեցին բողոքի բազմաթիվ ակցիաներ։ Մարտի 16-ին Ֆրանսիայի վարչապետը հայտարարեց, որ կենսաթոշակային համակարգում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծն ընդունվում Է խորհրդարանի քվեարկության շրջանցմամբ և կառավարության պատասխանատվության ներքո։
Արհմիությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատապարտեցին կառավարության այդ քայլը և կոչ արեցին շարունակել գործադուլներն ամբողջ երկրում: