«Թշնամին ցանկանում է փակել ճանապարհը, որով Արցախի ՊԲ-ն հերթափոխ է կատարում, կտրելով նաև քաղաքացիական անձանց մուտքն ու ելքը». Լիսագորի գյուղապետ

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

«Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանություններն ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը՝ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհն իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին, պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին»,- տեղեկացրել էր Արցախի տեղեկատվական շտաբը:

Դրանից հետո Տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ այդ ճանապարհին թշնամու կողմից դիրքավորվելն ունի մեկ նպատակ՝ փակել ՊԲ զինուժի ճանապարհը։

«Թշնամին ցանկանում է փակել այն միակ ճանապարհը, որով Արցախի ՊԲ-ն հերթափոխ է կատարում։ Իրենք ուզում են կոնկրետ այդ ճանապարհը վերահսկեն։
Ինչ վերաբերում է մեր գյուղին, ապա վտանգը միշտ էլ եղել է ու կա։ Կոնկրետ այդ բարձունքը գրավելու կամ այնտեղ հայտնվելու պատճառով քաղաքացիական անձինք չեն կարողանում տեղաշարժվել։ Երբ թշնամին փակել է Լաչինի միջանցքը, խնդիրները բնակիչների համար առաջացել են հենց այդ ժամանակ, քանի որ կտրվել է Ստեփանակերտ-Լիսագոր կապը։ Այդ ճանապարհը փակելու հետևանքով նաև Արցախ հումանիտար օգնություն հասնելու խնդիր կա»,- նշեց Գագիկ Նասիբյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ բնակչության շրջանում որոշակի անհանգստություն կա, բայց դիմանում են։

«Թշնամու առաջ գալուց հետո, ռուս խաղաղապահները գնացել են նրանց հետ բանակցելու, սակայն մինչև այժմ որևէ արդյունք չկա, որտեղ առաջացել են, նույն տեղում շարունակում են մնալ, ռուս խաղաղապահներն էլ իրենց հերթին են դիրքավորվել»,- հավելեց Լիագորի գյուղապետը։

Ըստ նրա, այս ամենից հետո էլ գյուղում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով, գործում է դպրոցը, թեպետ այս շրջանում արձակուրդ է, սակայն դրանից առաջ որևէ օր չի փակվել։

«Բնակիչներն էլ իրենց հերթին՝ շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Ճիշտ է, մի քանի օր է՝ եղանակային պայմանները թույլ չեն տալիս այդ աշխատանքներն անել, բայց աշխատանքներ մենք միանշանակ կատարում ենք»,- եզրափակեց Գագիկ Նասիբյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս