Թուրքիան նախատեսում է մեծացնել միջազգային բեռնափոխադրումների ծավալը
«Միջազգային փոխադրողների ասոցիացիայի» գործադիր խորհրդի փոխնախագահ Քադիր Չիրքինն անդրադարձել է Թուրքիայի և Չինաստանի միջև գտնվող «Միջին միջանցք»-ին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չիրքինը «Առաջին միջազգային լոգիստիկ սիմպոզիում»-ում կարևորել է Թուրքիայի և Չինաստանի միջև գտնվող ցամաքային ճանապարհը՝ նշելով, որ այն այս պահին միջազգային փոխադրումների տեսանկյունից մեծ դեր է խաղում:
Ասոցիացիայի գործադիր խորհրդի փոխնախագահը նաև հավելել է, որ կարևորությունն ակնհայտ է դարձել Covid-19-ի և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի բովում:
«Թուրքիան բեռնափոխադրումների տեսանկյունից կառուցողական դիրքում է գտնվում»,- ասել է Չիրքինը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիայի սահմանով օրական միջինում 2.000 բեռնատար է անցնում և հարևան երկրների անցակետերի հետ կապված աշխատանքներ տանելու դեպքում այդ թիվը կարող է աճել։ Ըստ Չիրքինի՝ «Միջին միջանցքը» այս պահին ընթացող Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով դարձել է հյուսիսային միջանցքի այլընտրանքը։ «Միջին միջանցքը», ըստ Չիրքինի, կարագացնի բեռների փոխադրումը 30%-ով, ինչպես նաև մոտավորապես կկրճատի ճանապարհը 2.000 կիլոմետրով: