Բաժիններ՝

«Տղաս Ջաբրայիլում ծառայելուց ասաց՝ ուժեղ պատերազմ կլինի…». պատերազմից 2.5 տարի անց հայրը որդուց գոնե մի մասունքի է սպասում

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը, օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու պահանջում էր պետությունից՝ որդուց գոնե մի մասունք:

«Հարգելի պետություն, ո՞ւր է իմ որդին, մինչև ե՞րբ պիտի սպասեմ մի բուռ ոսկորի կամ գերեզման ունենալու «բաղձալի փափագի», տուր ինձ իմ գանձից մի պատառիկ, ա՛յ ապերախտ երկիր…»:

Պապ Այվազյանը ծնվել էր 2001 թվականի օգոստոսի 20-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում: 2019 թվականի դեկտեմբերի 19-ին մեկնել էր պարտադիր ժամկետային զինծառայության:

«Տղաս Գյումրիում ժողովրդական երգի բաժնում էր սովորում, ավարտեց ու գնաց բանակ: Սկզբում Էջմիածնի սակրավորների գնդում էր, հետո, երբ 6 ամիսը լրացավ, տեղափոխեցին Արցախ՝ Ջաբրայիլ, ի սկզբանե այդպես էր քաշել»,- պատմեց Գարիկ Այվազյանը:

Կարդացեք նաև

Անհետ կորածի հայրը պատմեց, որ ինքը 20 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հաշմանդամություն ունի, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ տղային դիրքեր չպետք է ուղարկեին, բայց Արցախ տեղափոխվելուց 5 օր հետո Պապը բարձրացել էր դիրքեր.

«Ես արդեն 20 տարի սայլակով եմ տեղաշարժվում, 2001-ի օգոստոսի 19-ին եղել է իմ ավտովթարը, 20-ին Պապը ծնվել է, ինքն ինձ կանգնած չի էլ տեսել: Կենտրոնական հավաքակայանում մեզ ասացին, որ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները ոչ պոստավոյ զորամասերում պետք է ծառայեն, իբր, բայց դե  ես 5 օր հետո զանգեցի Ջաբրայիլ, ինքն արդեն պոստերում էր: Ասաց՝ պապ, պոստերում ավելի հարմար է ծառայության համար, քան թե զորամասում: Ընկել էր հունի մեջ, ծառայում էր…

Հետո դիմում  գրեց, տեղափոխվեց Մարտակերտի շրջանի Դրմբոն՝ դեսանտա-գրոհային ստորաբաժանում: 1 ամիս էր, որ տեղափոխվել էր Դրմբոն, ու կռիվը սկսվեց…»:

Գարիկը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ սեպտեմբերի 26-ին է խոսել, զգացել էր, որ անտրամադիր է.

«Տրամադրություն չուներ տղես: Ես հետո իր ծառայակից ընկերներին տեսել եմ, ասեցին՝ մենք զարմացանք, որ առավոտ տագնապ տվեցին, Պապը շարք էր կանգնել, հարցրեցի՝ ինչո՞ւ, ասաց՝ մենք իրար հետ սանչաստում էինք, ինքը 40 աստիճան տաքություն ուներ»:

Վերջին հեռախոսազանգի ընթացքում արդյոք սպասվող պատերազմի մասին որևէ ակնարկ արե՞լ է Պապը,  հարցրեցինք զինծառայողի հորը:

«Ինքը դեռ Ջաբրայիլում ծառայելուց էր ասում, որ ուժեղ պատերազմ կլինի, ես էլ միշտ ասում էի՝ պատերազմն ի՞նչ լավ բան է, որ անընդհատ խոսում ես, ասում էր՝ պապ, ամեն օր թուրքի դիմացի պոստերը 5-6 մեշալկա բետոն է մտնում, շինարարություն են անում, ամրացումներ են անում, իսկ մեր ապուշները, այդպես էլ ասում էր, սպաների մասին էր խոսքը, թույլ չեն տալիս, որ կրակենք, խանգարենք ինժեներական աշխատանքներին…

Սեպտեմբերի 24-25-ին ասաց՝ 2 օր հետո մեզ պետք է տանեն զորավարժությունների, երևի երեխեքին այդ ձևով են խաբել, բայց հրամանատարները բոլորն էլ իմացել են»,- պատմեց անհետ կորածի հայրը:

Սեպտեմբերի 27-ին տղան արդեն տեղափոխվել է Թալիշ, որտեղ էլ վիրավորվել է.

«Իրենց հրաման են տալիս՝ բարձրացեք Թալիշ, էսինչ պոստը, մերոնք ձեզ կդիմավորեն, տղերքը բարձրանում են Թալիշի 165 պոստը, չհասած պոստը՝ թշնամու 30 տանկային գումարտակն ու ամբողջ պեխոտը դիմավորում է իրենց: Մինչև կեսգիշեր բոյ են տալիս, հետո նահանջ, հետո տղաս գլխից ծանր վիրավորվում է: Սա ինձ իրենց շտաբի պետն ու տղայիս ծառայակից 3 ընկերներն են պատմել, որոնք օգնել են որդուս, իջեցրել են:

Ես 2021 թվականի ամռանը որոնողական խմբերի հետ գնացի Թալիշ, եղա հենց այն տեղում, որտեղ թողել էին որդուս: Իրենց շտաբի պետն էլ էր ինձ հետ, գնացի, հենց այդ հատվածից մի գանգոսկր և մի թևոսկր եմ գտել, բերել: Հերացիում ԴՆԹ-ն չհաստատեց, որ իմ որդին է, դատաբժշկի հետ խոսեցի, ասացի՝ պատահական տեղից չեմ գտել, քարտեզով գնացել, մտել եմ այդ ձորը ու գտել եմ, մի հատ էլ կրկնեք: 2-րդ անգամ էլ ԴՆԹ արեցին, բայց էլի չհամընկավ: Հետո շտաբի պետն ասաց, որ նահանջում էինք, մենք էլ ենք կրակել, շատ հավանական է, որ թուրքի լինի: Մի խոսքով՝ այդ ոսկորը ոչ մի ծնողի ԴՆԹ-ի հետ չհամընկավ։

Հիմա ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն է մեր գործով հանձնաժողովի նախագահը, հույսներս մի քիչ իր հետ ենք կապել, մի քանի անգամ հանդիպել ենք ծնողներով, ես ասացի՝ մեզ պետք է, որ մեր երեխեքի ճակատագրերի վրա լույս սփռեք, հասկացա՛նք, պատերազմ է եղել, բայց հետը մարդ է եղել, հասկանանք, որտե՞ղ զոհվեց, ո՞ւր թողեցին, ո՞նց թողեցին, այս ճակատագրերի վրա լույս սփռեք, որը գերի է, հետ բերեք»:

Պապը տան միակ երեխան էր, ոչ քույր, ոչ եղբայր չուներ, 8 ամիս առաջ ծնվել է Այվազյանների 2-րդ որդին, որին անվանակոչել են հերոս եղբոր անունով՝ Պապ:

«Մեզ հիմա գոնե մի մասունք է պետք, որ… Եթե հրաշք կլինի. եթե էսքան դաժան բանին ենք պատրաստ, բա էդքան լավին ո՞նց պատրաստ կլինենք»:

Տեսանյութեր

Լրահոս