Բաժիններ՝

Համադպրոցական գիտության փառատոնը կնպաստի գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության բարձրացմանը

Դպրոցահասակ սովորողների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետարքրքություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 25-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Համադպրոցական գիտության փառատոն 2023» միջոցառումը:

«Նպատակ ունենք խթանել դպրոցականների շրջանակում մաթեմաբնագիտական, ճարտարագիտական առարկաներով հետաքրքրվածությունը: Բավականին հետաքրքիրն նախագծեր են ներկայացված գիտության տարբեր բնագավառերում, ինչը մոտիվացնում է նաև իրենց համադասարանցիներին, դպրոցահասակներին: Տեսնելով իրենց հասակակիցների գրանցած արդյունքները՝ հետաքրքրվածությունը գիտության այս ոլորտներով մեծանում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը վստահ է՝ կան նախագծեր, որոնք զարգացնելու պարագայում կարող են տնտեսության համար հետաքրքիր լուծումներ դառնալ, ինչի շնորհիվ էլ որոշ խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ կտրվեն:

«Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներով՝ կենսաբանության, ֆիզիկայի, ճարտարապետության, մեր երիտասարդ սերնդի սովորողների, մասնավորապես դպրոցականների հետաքրքրվածության բարձրացումը շատ կարևոր է, որովհետև դա նրանց ուղղորդելու է դեպի համապատասխան մասնագիտություններով ուսումնառության»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ երեխաներից շատերը ապագայում դառնալու են գիտնականներ և կարող են առաջարկել հետաքրքիր, նորարարական լուծումներ, որոնք երկրի համար շատ կարևոր կլինեն:

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում կներկայացվի 80-ից ավելի հետազոտական նախագիծ Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից:

«Նախորդ տարի ներկայացված էր մոտավորապես 40 նախագիծ, այս տարի պատկերը լրիվ այլ է, ինչն, իրոք, ողջունելի է: Երեխաներին պետք է փոքր տարիքից ծանոթացնել գիտությանը, խթանել, որ զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն: Գիտութույնը ստեղծագործական աշխատանք է, և կարևոր է, որ եղած գաղափարները իրականության դառնան: Սա կարևոր է ոչ միայն գիտական ոլորտի, այլև մեր երկրի զագացղման համար»,- ասաց ԵՊՀ գիտաշխատող, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հայկ Զաքարյանը:

Փառատոնին մասնակցում էին միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկու հոգանոց խմբով․ գիտական ղեկավարի աջակցությամբ նրանք ներկայացնում էին 2022-2023 ուս. տարվա ընթացքում իրենց իսկ իրականացրած հետազոտական նախագծերը: Նրանք իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրին ԿԳՄՍ նախարարին, նրա տեղակալին, ԱԺ պատգամավորներին և հետաքրքրված մարդկանց:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած ծրագրերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական Regeneron (ISEF-2023) տոնավաճառին, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Միջոցառման վերջում մասնակցության հավաստագրեր հանձնվեցին փառատոնի բոլոր մասնակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս