Ժողովրդավարությունը փրկել Նիկոլ Փաշինյանից

Ժողովրդավարությունը  Հայաստանի բրենդ դարձրած Նիկոլ Փաշինյանն իրականում ժողովրդավարության կենդանի հակագովազդ է, գուցե ոչ միայն՝ Հայաստանի, այլև աշխարհի մասշտաբով:

Անընդհատ խոսելով «ժողովրդի իշխանության» մասին և ինքը ներկայանալով իբրև «ժողովրդի իշխանության կրող», Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը: Որովհետև, եթե ժողովրդավարության արդյունքն ինքն է՝ վարչապետի պաշտոնում, և ամոթալի խեղկատակությունը՝ խորհրդարանում, ապա քաղաքացիների մոտ ողջամիտ կասկած կարող է առաջանալ ժողովրդավարության՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման ձևի նպատակահարմարության մասին:

Ասվածից ամենևին չի բխում, թե ժողովրդավարությունն այլընտրանք ունի կամ, առավել ևս, որ մյուս ոչ ժողովրդավարական կարգերն ավելի նախընտրելի են: Պարզապես, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է մարմնավորում «ժողովրդի իշխանությունը», և քանի դեռ նրա ղեկավարած խաժամուժն է խորհրդարանական կառավարման երկրում ներկայացնում պառլամենտարիզմը, ժողովրդավարությունը արժեզրկվելու և վարկաբեկվելու է անդառնալիորեն:

Դա, ի դեպ, ամենաշատը ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին, ում համար ժողովրդավարությունը ոչ թե հավատամք է, ինչպես ներկայացնում է, այլ ընդամենը եղել է իշխանությունը զավթելու միջոց և այսօր էլ  ծառայում է՝ որպես ամենաբիրտ մեթոդներով իշխանությունը պահպանելու արտաքին շղարշ: Եվ հետաքրքիրն այն է, որ առաջին հերթին Փաշինյանի՝ ժողովրդավարության դեմ ոտնձգությունները հանդուրժում և խրախուսում են հենց արևմտյան այն երկրները, որոնք ամենաշատն են կարևորում ժողովրդավարությունը, որոնց համար ժողովրդավարությունն արժեք է:

Կարդացեք նաև

Ժողովրդավարության ամենախոցելի կողմերից մեկը պոպուլիզմի հանդեպ դիմադրողականության պակասն է: Հայաստանում տեղի է ունեցել հենց դա՝ պոպուլիստների մի խմբակ, օգտագործելով ժողովրդավարության գործիքակազմը, եկել է իշխանության և ամեն օր վարկաբեկում է ժողովրդավարությունը: Պոպուլիզմը առանձնապես վտանգավոր չէ, երբ դրսևորվում է՝ որպես մարգինալ հոսանք: Բայց այն դառնում է ընդհուպ ազգային անվտանգության սպառնալիք այն ժամանակ, երբ փոխարինում է պետական քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը՝ որպես պետություն, վերածել է պոպուլիստական կազմավորման, ինչն արտահայտվում է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության բնագավառներում: Եվ որպես ամենաիսկական պոպուլիստ՝ դա անում է ժողովրդավարության բարձրագոչ հռչակումների ներքո:

Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարությունն օգտագործում է պոպուլիստական բռնապետության կայացման համար, և դա մինչև այս պահը նրան հաջողվում է:

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանին կանխելու միջոցը կրկին ժողովրդավարությունն է, բայց ոչ թե պոպուլիստական, այլ իրական ժողովրդավարությունը: Դրա համար բոլոր քաղաքականությամբ զբաղվողները պետք է ժողովրդավարությունը փրկեն Նիկոլ Փաշինյանից և պոպուլիզմից:

Բայց դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի փրկելու հավակնություններ ունեցողներն իրենց հերթին՝ նույնպես զերծ լինեն պոպուլիզմից և հետևեն ժողովրդավարության ոչ թե ձևին, այլ բովանդակությանը:

Դրա նախադրյալները, ցավոք, դեռևս չեն երևում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս