Հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանը ընթերցողների դատին հանձնեց իր «Դեպի Հայաստան» գիրքը
Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ:
«Հայրենիքին նվիրված ժողովածու գրելու նպատակը հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ միավորելն է: Ես ինձ վրա վերցրել եմ բարձր առաքելություն՝ մշակույթի միջոցով միավորել հայ ազգը իմ հնարավորության սահմաններում»,- ասաց գրքի հեղինակը:
Շահպարոնյանը ավելի քան 20 տարի ապրել է Ռուսաստանում: 2010 թվականին տեղափոխվել է Հայաստան: Հիշում է՝ առաջին բանաստեղծությունը գրել է դեռևս 5 տարեկանում, երբ ընտանիքով Սևանա լիճ են այցելել: Պատմում է՝ ոգեշնչվել է հենց լճի գեղեցկությունից:
«Հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու սերը ինձ հանգիստ չի թողել: Մայրս պատմում է՝ երբ 5 տարեկան էի, Հայաստան հերթական այցելության ժամանակ Սևանին նայելիս ասել եմ՝ շուտ թուղթ ու գրիչ վերցրու ու գրիր ասածս: Մայրիկիս հանգավորված բանաստեղծություն եմ թելադրել ու ինքն ապշած է մնացել»,- պատմեց գրքի հեղինակը:
Շահպարոնյանը 13-14 տարեկանում հրատարակել է իր առաջին ժողովածուն, որը եղել է ռուսերեն և ունեցել է քիչ տպագրական քանակ: Այս մեկը նրա առաջին հայատառ և շատ տպագրաքանակով գիրքն է:
«Տատիկս կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցիչս էր և ասում էր, որ միշտ երազում է, որ հայատառ էլ ստեղծագործեմ: Հայերենով գրելն ինձ միշտ անհնարին է թվացել, բայց այսօր հպարտությամբ զանգել և տեղեկացրել եմ նրան, որ իմ հայալեզու գրքի շնորհանդեսն է»-, ասաց հեղինակը:
Բանաստեղծությունները թարգմանվել են 6 լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն․ թարգմանել է հենց հեղինակը։ Հունարեն, իտալերեն, նիդերլանդերեն թարգմանվել են թարգմանիչների աջակցությամբ: Հեղինակը խոստացավ նաև նոր գիրք, որը Հայաստան վերադառնալու մասին է լինելու:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: