Ամերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցում
Ամերիկյան MQ-4C Triton հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը փետրվարի 11-ին մի քանի ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել Իրանի ափից դեպի հարավ-արևելք ընկած շրջանում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24-ի տվյալները։
Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Դաֆրա ավիաբազայից։ Այն մի քանի ժամ տևողությամբ թռիչքներ է կատարել Իրանի մերձակայքում գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա։
MQ-4C Triton-ը մեծ հեռահարություն և բարձրություն ունեցող հետախուզական անօդաչու թռչող սարք է, որն ունակ է իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն տրամադրել հսկայական օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ։
Անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ թռչելով մինչև 17 հազար մետր բարձրության վրա՝ մինչև 610 կմ/ժ արագությամբ։
Ներկայում ԱՄԷ-ի Ալ Դաֆրա ավիաբազայում տեղակայված են երեք MQ-4C Triton ամերիկյան անօդաչու թռչող սարքեր։



