Եկել ենք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագիրն ինքնաշխատ ձևով կլրացվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության որոշմամբ կպարզեցվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Կառավարության նիստին հայտարարվեց, որ հայտարարագիրը կնախալրացվի հարկային մարմնի կողմից՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այս բնակչության 70 և ավելի տոկոսը լրացուցիչ տվյալ չի մուտքագրել և հայտարարագիրը հաստատել է այնպիսին, ինչպիսին այն ավտոմատ ձևով գեներացվել է։

«Մենք էլ մտածեցինք, որ եթե մարդկանց 70 տոկոսը բան չի ավելացնում և ինքնաշխատ ձևով գեներացվում է, ինչու ենք մենք այդ լրացուցիչ գործողությունը պահում»,- ասաց նա։

Միաժամանակ նշեց՝ քանի որ 30 տոկոսը կա, ուստի այդ մարդիկ պետք է մտնեն և հաստատեն, իսկ եթե չհաստատեն, այն կհամարվի չհաստատված։

Փաշինյանը նշեց, որ այստեղ էլ սոցիալական կրեդիտների հարց կա և լրացուցիչ գործողություն կա անելու, ուստի դրա համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։

Այլ կերպ՝ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։

Փաշինյանը տեղեկացրեց, որ 76 537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն՝ այդքան գումար վերադարձվել է։

«Մեկ հայտատուի համար միջին գումարը կազմել է 81 000 դրամ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս