Իրանի դեմ կարող են սկսել օդային հարվածներ, Ադրբեջանը գուցե փորձի Սյունիքը զավթել.Արթուր Խաչիկյան
«Մեր անվտանգության համակարգը, մեր դիվանագիտությունը փլուզված է: Աշխարհում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում. մենք շատ արագ գնում ենք դեպի երկրորդ սառը պատերազմի, որը կարող է նաև տաք պատերազմ լինել, աշխարհում դեռ երկու բևեռներ են ստեղծվում»,- Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Քաղաքագետը պարզաբանեց՝ Հայաստանի նման պետությունների համար մեր տարածաշրջանում ընտրություն կա՝ կա՛մ լինել Արևմուտքի հետ, կա՛մ Ռուսաստանի հետ, և կա՛մ այնպիսի ներուժ ունենալ, որ նեյտրալ մնալ՝ ինչպես փորձում են անել Թուրքիան, Վրաստանը:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը երեքից որևէ մեկը չի արել, շեշտեց Արթուր Խաչիկյանը.
«Չկարողացանք ոչ Արևմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ, կառուցել անվտանգային հարաբերություններ, ստանալ երաշխիքներ, որ եթե հարձակում սկսի Հայաստանի վրա, տեղահանվի Արցախի ժողովուրդը, սանկցիաներ են լինելու, անգամ դա մեզ չհաջողվեց. տապալվեց մեր արևմտյան դիվանագիտությունը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, դա էլ բացարձակ տապալվեց։ Հայ-ռուսական հարաբերությունները երբևիցե նման վիճակում չեն գտնվել»,- պարզաբանեց նա՝ արձանագրելով նաև, որ Հայաստանը չկարողացավ նաև այնպիսի ներուժ ստեղծել, որ գոնե ինչ-որ ձևով մենք մեզ կարողանանք օգնել:
Տարածաշրջանային առկա մարտահրավերներին անդրադառնալով՝ Արթուր Խաչիկյանը չբացառեց Իրանի դեմ հնարավոր օդային հարվածների հնարավորությունը՝ հավելելով, որ դա որպես պատրվակ կօգտագործի Ադրբեջանը, որպեսզի հարձակման անցնի, փորձի Սյունիքը կամ, այսպես կոչված, «միջանցքը» զավթել, այս համատեքստում նշելով ՌԴ-Արևմուտք պայքարի մասին:
«Երկու պրոցես է գնում, երկուսն էլ բավականին վտանգավոր է, իսկ մենք, կարծեք, հիպնոտիկ վիճակում լինենք. կարծում ենք՝ ինչ-որ այլ մոլորակի վրա ենք ապրում»,- ամփոփեց քաղաքագետը: