Ռուսաստանի քաղաքացին կարողանում է Հայաստանում ռուսական վարորդական վկայականով վարել, իսկ երկքաղաքացին՝ ո՞չ

Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ մինչև մարտի 21-ը հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս տրանսպորտային միջոց վարելու համար, նշված է ՌԴ կառավարության ներկայացրած օրինագծի բացատրական գրության մեջ:

Պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է օրինագծի քննարկման համար հրավիրել ԱԳՆ, ՆԳՆ ներկայացուցիչներին, առաջարկել է նաև՝ այդ հարցի քննարկման համար նախապատրաստվել ԱՊՀ գործերով կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք համագործակցում են Հայաստանի գործընկերների հետ:

«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ նշեց, որ եթե անգամ խնդիրներ առաջանան կամ դրանցից խուսափելու համար կարելի է միջազգային վարորդական վկայական ունենալ:

Կարդացեք նաև

«Միջազգային վարորդական վկայական որ հանենք, ոչ մի խնդիր չի լինի: Գուցե ներքին կանոնակարգված օրենքներ ունենան, որ հայկական վարորդական վկայականներով չես կարող որոշ ոլորտներում աշխատել՝ օրինակ, տաքսի ծառայությունում, ուղևորափոխադրող ընկերությունում, և այս դեպքում արգելեն»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը:

Նա հավելեց, որ միջազգային վարորդական վկայական կարելի է ստանալ Հայաստանում:

Ի դեպ, վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ երկքաղաքացի են, սակայն Հայաստանում խնդիրներ են առաջանում մեքենա վարելիս:

«Ինձ ասացին՝ եթե ՀՀ և ՌԴ քաղաքացի եմ, պարտավոր եմ Հայաստանի վարորդական վկայականով մեքենա վարել: Այսինքն, Ռուսաստանի քաղաքացին կարողանում է Հայաստանում ռուսական վարորդական վկայականով վարել, իսկ երկքաղաքացին՝ ոչ: Մի տեսակ աբսուրդ է: Ասենք, ՀՀ քաղաքացին տարիներով Ռուսաստանում է ապրել, վարորդական վկայական է հանել, ամռանը որոշում է գալ ՀՀ. մեքենայով անցնում է Վրաստանը, հենց մտնում է Հայաստան, պարզվում է, որ այստեղ չի կարող վարել: Ասենք՝ մեկից երկու ամիս Հայաստանում մնալու համար հո վարորդական վկայական չի՞ հանելու: Ի՞նչ է, սրա համար պետք է հրաժարվի՞ ՀՀ քաղաքացիությունից»,- հայտնեց վարորդներից մեկը:

Նշենք, որ փետրվարի 23-ին ՌԴ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բռնել էին ՀՀ վարորդական իրավունք ունեցող վարորդին, որոնցով նա, ըստ օրենքի, իրավունք չուներ մեքենա վարել Ռուսաստանում։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար, առավելագույն տուգանքը՝ 30 հազար ռուբլի: Դատարանը վարորդին նշանակել է վարչական 15000 ռուբլի տուգանք։ Վերջինը դիմել է դատարան, սակայն դատարանը չի ընդունել փաստարկները՝ մատնանշելով Ճանապարհային երթևեկության մասին 1968 թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջները և նշել, որ Ռուսաստանում թույլատրվում է օտարերկրյա գործող վարորդական իրավունքով մեքենա վարել ՌԴ տարածքում ժամանակավորապես բնակվող անձանց:

Ընդգծենք, որ ներկայում տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվությունը գործում է Ղրղըզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ օրենքով ամրագրված է ռուսաց լեզուն որպես պաշտոնական լեզու օգտագործելու հանգամանքը։

Տեսանյութեր

Լրահոս