Մեզ պետք է մարդ, ով գիտի՝ ինչպես անել, որ մեր երկիրը վերականգնի իր ռազմական ուժերը, դիվանագիտությունը, որ մեզ վրա դրսում չծիծաղեն, չվիրավորեն. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրածը խելագարության դրսևորում է: Այնպիսի իրավիճակում, որում մենք ենք գտնվում, այսպիսի պրես-կոնֆերանսը խայտառակություն է: Այս խումբն ու խմբի ղեկավարը փաստացի ընդունում են, որ մենք ձախողվել ենք բոլոր ոլորտներում: Կարճ ասած՝ ամեն ինչ փլուզվել է, ոչինչ չենք կարող անել, բայց դա մեր մեղքը չէ: Հիմա էլ նոր մեղավորներ են գտել՝ բանակը, դե, իհարկե, Ռուսաստանը, ինչպես միշտ: Նախկիններին այս անգամ չհիշեց, երևի մոռացավ…
  • Այս իշխանությունները դիվանագիտությունը տապալեցին, բերեցին պատերազմ, պատերազմից հետո հռչակեցին «խաղաղության դարաշրջան», դա էլ տապալվեց, հույսեր էին կապում Արևմուտքի հետ, դա էլ չստացվեց…
  • Ռուսաստանը շատ սխալներ է արել, և կարող է՝ ամենավատը դեռ առջևում է, մենք դեռ պիտի տեսնենք՝ ինչպես է նա իրեն պահում Արցախում, բայց հակառուսական ճամբարը մի կողմին մեղադրում է, իսկ մյուս կողմին ասելու բան չունի: Ինչո՞ւ…
  • Ձեր սիրած միջազգային հանրությունը բացարձակ անտեսում է հայ ժողովրդին, նրա շահերը, անվտանգությունը, ցեղասպանությունը… Որտե՞ղ են ձեր բանաձևերը, Մակրոնի սրտաճմլիկ գրառումները, որոնցից դուք այնպես հուզված էիք ու արցունքներով լաց էիք լինում, որովհետև հուզված էիք, որտե՞ղ է ձեր տիկին Փելոսին, որտե՞ղ է ձեր Հաագայի դատարանի որոշումը, որտե՞ղ են ձեր եվրոպական դիտորդները, որ այստեղ պետք է մեզ գրիչներով ու բլոկնոտներով պաշտպանեին, ի՞նչ տվեց Թուրքիայի նկատմամբ ձեր Հիսուս Քրիստոս խաղալը, ձեր ինֆանտիլ ակնկալիքները Թուրքիայի ակնկալիքներից հետո… Թող պատասխան տան: Միջազգային հանրության մոտ մենք թողնում ենք խելքից թույլի տպավորություն:

  • Հիմա էլ մենք որոշել ենք, որ Ռուսաստանը պետք է մեզ պաշտպանի: Ես փորձում եմ հիշել՝ պատմության մեջ եղե՞լ է դեպք, երբ որևէ ղեկավար որոշի, թե մյուս պետությունն ինչ է անելու իր ժողովրդի մի մասի համար: Երեկ մեզ ծաղրեցին: Մենք հասել ենք այն օրի, որ ՌԴ-ն մեր ղեկավարին բացեիբաց ծաղրում է:
  • Նիկոլ Փաշինյանը վերջին Կառավարության նիստում հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությանն առաջարկեց դիմել ՄԱԿ ԱԽ՝ Արցախում և Լաչինի միջանցքում միջազգային մեխանիզմներ կիրառելու նպատակով: …Նախ դիմելու ձև կա, Վլադիմիր Պուտինին հանձնարարություն չեն տալիս: Բացի դրանից, իրենք շատ լավ գիտեն, որ ՄԱԿ-ի ԱԽ այդ հարցը չի հասնի, և եթե հասնի էլ, միանգամից դրա վրա վետո կդրվի: Փաշինյանը կրկին փորձում է պատասխանատվությունից խուսափել: Սա PR-ի ինչ-որ դրսևորում է: Այս մի բանն այս ՔՊ-ական խումբը շատ լավ գիտի, բայց չգիտի երկիր ղեկավարել, դիվանագիտություն վարել… Դա Ալիևն է անում և Էրդողանը: Մենք չենք կարողանում ոչինչ անել, որովհետև այս իշխանությունները զբաղված են իրենց PR-ով:
  • Արևմուտքն ունի դեմոկրատիա, բայց նաև շատ մեծ խնդիրներ ունի այդ դեմոկրատիայի հետ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ այնտեղ խոշոր կորպորացիաները կառավարում են խոշոր փողը: ԱՄՆ-ը կորպորացիաների երկիր է: Այնտեղ կա պաշտոնական կոռուպցիա, որը կոչվում է լոբբինգ: Վաշինգտոնում 1000-ից ավելի լոբբինգով զբաղվող ընկերություններ կան: Դելեգալիզացված կոռուպցիա է:
  • Երբ Մարիա Զախարովան խոսում է Բուլգակովի «Շան սրտից», մենք բոլորս հասկանում ենք՝ որ կերպարի հետ է նա համեմատում Փաշինյանին… Սրանից ավելի վիրավորական բան կա՞… Այսպիսի վիրավորանք երբևիցե որևէ մեկը մեր պետությանը չէր հասցրել:
  • Միջազգային հարաբերությունները բավականին կեղտոտ բիզնես է, բոլորը դա գիտեն: Այստեղ բարոյական հայտարարություններ անել չի ստացվում, պետք է զբաղվես ռեալ պոլիտիկով:
  • Երբ մեր պետության ղեկավարներն ասում են, որ պետք է եղբայրանալ թուրքերի հետ՝ մոռանալով, որ 2.5 տարի առաջ նրանց ղեկավարությամբ է Ադրբեջանը կոտորել մեր զինվորներին, սա կամ սադոմազոխիզմ է, կամ հոգեկան հիվանդություն: Այսինքն՝ կոտորում են Թուրքիան և Ադրբեջանը, բայց մեղավոր է Ռուսաստանը: Սա այլևս անհնար է բացատրել անմեղսունակությամբ, սա պարզապես պատվեր է: Ռուսաստանին պատասխանատու են դարձնում Արցախի համար, որ ռուսները թուրքերի հետ կռվեն, այստեղ ռուսների դեմ բացեն 2-րդ ֆրոնտ, ինչը համապատասխանում է Արևմուտքի շահերին:
  • Ես հիացած եմ Վրաստանի վարչապետի ելույթով: Այ սա է պետության ղեկավար, ով ասում է՝ չփորձեք մեզ մանրադրամ դարձնել ու մեզ ընդգրկել ձեր պատերազմի մեջ:
  • Ո՞ւմ շահերին է համապատասխանում, որ Հայաստանը կորցնի Արցախը, Ռուսաստանն այստեղից դուրս գա, Թուրքիան ու Ադրբեջանը միանան, մենք դառնանք նրանց հպատակ ինչ-որ պրոտեկտորատ ու հետո ժամանակի ընթացքում վերանանք… Դա ո՞ւմ է պետք… Իհարկե, ոչ Ռուսաստանին:
  • Տոյվո Կլաարի՝ այստեղ գալուց հետո պարզ էր, որ ոչ մի հետաքրքրություն նրանք մեր նկատմամբ չունեն, ստրատեգիական շահեր՝ նույնպես:
  • Այսինքն, ըստ միջազգային հանրության, արցախցիներին զենք հասցնելը, որպեսզի իրենց պաշտպանեն՝ անօրինական է, իսկ արցախցիներին ցեղասպանելն անօրինական չէ:

Կարդացեք նաև

  • Մեզ խորհուրդ պետք չէ, թող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը մեզ կոնկրետ օգնի, թող մեզ օգնեն, ինչպես Ուկրաինայում են անում: Ես արդեն չեմ էլ հաշվում Ուկրաինային՝ Արևմուտքի տված գումարի չափը: Հիմա արդեն այնտեղ ինքնաթիռներ են տանում: Մեզ դատարկ բառեր, խոստումներ, զբոսաշրջիկներ պետք չեն… Մեզ պետք են կոնկրետ միջոցներ և զինատեսակներ, օրինակ, դրոնների դեմ պաշտպանվելու համար: Թող մեզ տան պաշտպանության այն համակարգերը, որոնք տվել են Ուկրաինային:
  • Երբ երկրի ղեկավարը հանրության առջև, եթերում մեղադրում է սեփական բանակին, դա սխալ է, տգեղ է: Եթե հարցեր կան, դրանք պետք է ներքին կարգով լուծվեն:
  • Միշտ ասում էին՝ նախկինները, դղյակները, հիմա էլ՝ բանակը, ռուսները:
  • Այս պետությունը կոմպետենտ ղեկավար չունի: Նայեք Ալիևի, Վրաստանի, Թուրքիայի դիվանագիտությունը և նայեք մեզ: Համեմատություն չկա:
  • Մենք հիմա պետք է մտածենք մեզ, Արցախը պահելու, Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանելու ու մեր դիվանագիտությունը վերականգնելու մասին: Մենք պետք է մտածենք այն մասին, որ Զանգեզուրի միջանցքի հարցը թույլ չտանք ուժով լուծեն՝ Իրանի դեմ հարձակման պատրվակն օգտագործելով:
  • Մեզ պետք է մարդ, ով գիտի՝ ինչպես անել, որ մեր երկիրը վերականգնի իր ռազմական ուժերը, դիվանագիտությունը, որ մեզ վրա Մոսկվայում չծիծաղեն, մեզ չվիրավորեն, որ դեմոկրատական Եվրոպայի ներկայացուցիչը Բաքվում չասի՝ այո, ձեզ պետք է զիջեն:
  • Մենք բոլորս ընկնող ինքնաթիռում ենք գտնվում՝ առանց օդաչուի:
  • Մենք այլևս սուբյեկտ չենք, մենք էթնիկ խումբ ենք, որը խնդրում է իրեն պաշտպանել:
  • Խաղաղություն ուզելով՝ խաղաղության չեն հասնում, ինչպես բերանդ չի քաղցրանում՝ միայն անընդհատ «հալվա» ասելով:
  • Սա ամբոխին ձեր հետևից տանելու արվեստը չէ, դուք գործ ունեք միջազգային համակարգի, Ռուսաստանի հետ, որի հետ հարաբերություններում շանտաժի լեզուն, այդ տրյուկները չեն անցնում:

  • Մենք ունենք ղեկավարություն, որն ընդունում է, որ ամեն ինչ տապալել է, բայց շարունակում է նույն ձևով:
  • Իրանի վրա նախապատրաստվում է հարձակում, որովհետև Իրանը շատ շուտով միջուկային զենք կունենա, եթե արդեն չունի: Հետաքրքիրն այն է, որ Իսրայելին թույլատրվում է միջուկային զենք ունենալ, իսկ Իրանին՝ ոչ:
  • Իրանի վրա հարձակման դեպքում մենք ընկնելու ենք ոտնատակ:
  • Քանի Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և թույլ է, սա շատ բարենպաստ ժամանակ է Ալիևի համար՝ ուժով հարցերը լուծելու համար:
  • Դեմոկրատական Իսրայելն օգնում է բռնապետ Ալիևին Իրանի դեմ, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ դեր ունեցավ Ադրբեջանին զինելու մեջ: Դեմոկրատական Իսրայելը բռնապետ Ալիևին օգնում էր հաղթել դեմոկրատական Հայաստանին:
  • Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ պետք է ռեալ պոլիտիկով զբաղվել, սթափ գնահատել իրավիճակը: Եթե այս խումբը կարող է իրենց միջից ինչ-որ մեկին բերել կամ հրավիրել որևէ կոմպետենտ մեկի, որ մեզ այս վիճակից հանեն, ես կողմ եմ: Եթե ոչ, թող գան ուրիշ ուժեր, որոնք կարող են մեզ այս վիճակից հանել: Այսպես շարունակել այլևս անհնար է: Մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Հայոց պետությունը կկործանվի այսպես ղեկավարվելու դեպքում: Մենք ամեն ինչ կկորցնենք, պետք է իշխանություն փոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս