
Ցուցարարները փակել են Փարիզն օղակող մայրուղին կենսաթոշակային բարեփոխումների պատճառով

Ցուցարարներն արգելափակել են Ֆրանսիայի մայրաքաղաքի շուրջը ձգվող մայրուղին, ինչպես նաև շարունակում են նավթավերամշակման գործարաններում գործադուլները: Ֆրանսիացիներն այսպես իրենց բողոքն են արտահայտում այն բանի դեմ, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն, առանց խորհրդարանի քվեարկության, ստիպել է առաջ տանել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր առավոտյան շուրջ 200 ցուցարարներ կարճ ժամանակով փակել են մայրաքաղաքից դուրս գտնվող օղակաձև ճանապարհը: Իսկ էներգետիկ ոլորտում գործադուլավորները հայտարարել են, որ մինչև շաբաթ և կիրակի կամ մինչև երկուշաբթի կդադարեցնեն արտադրությունը նավթավերամշակման խոշոր գործարաններից մեկում: Մի քանի այլ օբյեկտներում գործադուլավորներն արդեն իսկ սովորականից ավելի քիչ վառելիք են արտադրում:
Մարտի 16-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում գիշերը բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Ըստ Ներքին գործերի նախարարի՝ ամբողջ Ֆրանսիայում 310 մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ 258-ը՝ Փարիզում:
Ըստ բարեփոխումների ծրագրի՝ Ֆրանսիայի կառավարությունը մինչև 2030 թ.-ը կենսաթոշակային տարիքն աստիճանաբար բարձրացնելու է 62-ից մինչև 64: Բացի այդ, ամբողջական կենսաթոշակ ստանալու համար հարկավոր է նվազագույնը 43 տարի աշխատանքային փորձ ունենալ և սոցիալական վճարներ կատարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը նաև մտադիր է կենսաթոշակի նվազագույն չափը բարձրացնել՝ հասցնելով ամսական մինչև 1200 եվրոյի: Ըստ հարցումների՝ կենսաթոշակային բարեփոխումներին դեմ է ֆրանսիացիների երկու երրորդը: