Կարմրուկով կրկին վարակվելը գրեթե բացառվում է. մանկաբույժ
«Կարմրուկի դեմ երկրորդ պատվաստումից 20-30 օր հետո երեխան չի հիվանդանա: Առաջին դեղաչափից հետո կարող է հիվանդանալ, սակայն թեթև տանել»,- մեզ հետ զրույցում ասաց մանկաբույժ Գրիգոր Նազինյանը:
Նա նշեց՝ կարմրուկի դեպքում առկա ցանավորումը քոր չի առաջացնում:
Մեր հարցին՝ եթե մարդը մեկ անգամ արդեն վարակվել է կարմրուկով, հնարավո՞ր է՝ կրկին վարակվի, մանկաբույժը վստահեցրեց. «Գրեթե բացառվում է: Ես կարմրուկով հիվանդ տեսել եմ 35 տարի առաջ, իսկ կարմրախտ՝ տարեկան 20-30 անգամ»:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ 2007թ.-ից Հայաստանը դարձել է երկիր, որտեղ շարունակում է ընդհատված մնալ կարմրուկի տեղական փոխանցումը, այսինքն, դեպքերը բերովի են, տեղական դեպքեր չկան։ «Կարմրուկը սուր-վարակիչ, օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություն է, հիմնականում համարվում է մանկական վարակիչ հիվանդություն, բայց մեծահասակները ևս կարող են հիվանդանալ, և սովորաբար մեծահասակների մոտ ավելի ծանր է ընթանում։ Վիրուսն արտաքին միջավայրում բավականին կայուն է։
Մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու: Կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի. օրգանիզմից երբեք չի հեռանում կարմրուկը, մարդը եթե վարակվեց, վիրուսն ամբողջ կյանքում մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա, և նորից գլուխ է բարձրացնում և միջին տևողությամբ 7 տարի հետո կարող է մարդու մոտ առաջանալ շատ վատ բարդություն՝ ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ, դա ուղեղի թաղանթի բորբոքումն է, որը 100% մահվան ելք է առաջացնում»,- ընդգծել էր Գայանե Սահակյանը:
Հավելենք, որ մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել:
Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են՝ 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չեն եղել, 4-ը պատվաստված են 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով: