
Ֆրանսիան հայտարարել Է ռազմական տնտեսության շրջան անցնելու մասին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Սպառազինությունների հարցով գլխավոր տնօրինության (DGA) ղեկավար Էմանուել Շիվան կարծում է, որ հանրապետությունը ռազմական տնտեսության շրջան է թևակոխել։
«Մենք մտել ենք ռազմական տնտեսություն, հունիսից ես և զինված ուժերի նախարարը (խմբ.՝ Սեբաստիեն Լեկոռնյու) երեք անգամ հանդիպել ենք մեր ռազմարդյունաբերական բազայի բոլոր ներկայացուցիչների հետ: Ստեղծել ենք հինգ աշխատանքային խմբեր, որոնք հանգեցրել են առաջին կոնկրետ արդյունքներին, օրինակ՝ ռազմավարական պաշարների, պատվերների կատարման ժամկետների կրճատման, արտադրության արագացման հետ կապված», – ասել Է նա Le Monde թերթում հրապարակված հայցազույցում:
Շիվայի խոսքով՝ արտադրողները կարողացել են միավորել տիտանի՝ «օդատիեզերական արդյունաբերության համար արժեքավոր նյութի իրենց պաշարները, որը նախկինում գլխավորապես ստացվում էր Ռուսաստանից»: Ինչպես նշել Է տնօրինության ղեկավարը, արտադրողները նպատակ են դրել արագացնելու և ավելացնելու արտադրության ծավալները։ Բացի դրանից, Շիվայի խոսքով՝ Ֆրանսիան շարունակում է ակտիվորեն զենք պատվիրել պաշտպանական ձեռնարկություններից։
«2022 թվականին մենք պատվիրել ենք 218 «Աստեր» զենիթային հրթիռ, 100 «Միստրալ» զենիթային հրթիռ և 200 միջին հեռահարության հակատանկային հրթիռ», – արձանագրել է նա։ Փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել պաշտպանական ճյուղում եվրոպական երկրների ներդրումներն ավելացնելու օգտին:
Մակրոնի խոսքով՝ Եվրոպային «վերազինում» Է անհրաժեշտ իր արտադրական և տեխնոլոգիական բազայի ուժեղացման հաշվին: Այս համատեքստում նա նշել էր, որ շատ եվրոպական երկրներ Ուկրաինային օգնություն տրամադրելու պատճառով «կախված են դարձել ոչ եվրոպական երկրների որոշումներից և շատ առումներով՝ ոչ եվրոպական արդյունաբերական ձեռնարկությունների հնարավորություններից»: