Նիկոլ Փաշինյանը հաղթում է պատերազմում..․ ընդդեմ ուսանողների
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ինչը հարուցել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների արդարացի զայրույթը, այսօրվանից համալսարանում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում, խաթարվել է ուսումնական հաստատության բնականոն գործունեությունը։
Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցողն ամիսների պատմություն ունի․ անցած տարի իշխանությունն ամենաբիրտ մեթոդներով փորձեց ռեկտոր դարձնել նույն Գյուրջինյանին, սակայն բուհի աշխատակազմն ու ուսանողները հետամուտ եղան իրենց իրավունքներին, իրացրեցին բուհական ինքնավարության հնարավորությունները և ընտրեցին մեկ այլ՝ իշխանության սպասարկու չդարձած մանկավարժի։ Նիկոլ Փաշինյանը դա համարեց իր պարտությունը, ընկալեց որպես իրեն ուղղված հարված ու պատժեց այդ գործը տապալած փոխվարչապետին ու ԿԳՄՍ նախկին նախարարին՝ նրանց ազատելով պաշտոններից։ Որպես մանր վրեժխնդիր, սակայն, Փաշինյանը որոշել է գնալ մինչև վերջ՝ թքած ունենալով բուհական ինքնավարության սահմանադրական և իրավական նորմերի, մի ամբողջ ուսումնական հաստատության դասախոսության ու ուսանողների կարծիքի վրա։
Այս պատմության մեջ անձերը, իհարկե, կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է տեղի ունեցողի խորքային, ինստիտուցիոնալ կողմը, որը դուրս է առանձին վերցրած բուհի տիրույթից և վկայում է պետական և քաղաքական իշխանության դեգրադացման, ժողովրդավարության կոպտագույն ոտնահարման մասին։
Իրական ժողովրդավարությունը միայն պետական պաշտոնյաների ընտրությունները չեն, գեղեցիկ հայտարարություններն ու բաժակաճառերը չեն։ Ժողովրդավարությունն ամենաընդգրկուն իմաստով իշխանության առավելագույն ապակենտրոնացումն է՝ վերևից ներքև սկզբունքով։ Դա վերաբերում է՝ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն ու կայացմանը (իրապես զարգացած բոլոր ժողովրդավարություններում ՏԻՄ-երն ունեն հսկայական դեր ու ազդեցություն), այնպես էլ՝ հանրային-քաղաքացիական միավորումների ներգրավվածության, ինքնուրույնության մեծացմանը։ Բուհերը հենց այդպիսի ակադեմիական միավորումներ են, որոնք ինստիտուցիոնալ, իրավական իմաստով ունեն ինքնուրույնության ու ինքնավարության բոլոր, այդ թվում՝ սեփական ղեկավար մարմիններ կազմավորելու իրավունքները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կոպտագույն կերպով խախտելով այդ սկզբունքները, ուղղակի, վերևից պաշտոնակատար է նշանակում մեկին, ում հետ բուհի ուսանողադասախոսական կազմն ուղղակի չի ցանկանում աշխատել։
Տվյալ դեպքում նշանակվողի անձը երկրորդական է, կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական հաստատության ներքին կյանքին, որը գործնականում նշանակում է իշխանության ուզուրպացիա։
Ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե խիստ մտածված ու հաշվենկատ կերպով դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած՝ «ես իշխանության ուզուրպատոր չեմ և չեմ լինի» հայտարարության հենց հաջորդ օրը։ Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։ Բայց այդ պայքարում նրանք մեծ հաշվով միայնակ են և չեն ստանում ոչ միայն հանրության լայն շերտերի, այլ անգամ գործընկերների՝ այլ բուհերի դասախոսների և ուսանողների աջակցությունը։ Երևի այն պատճառով, որ մյուս բուհերի ղեկավարներն արդեն հասցրել են ժամանակավոր պաշտոնակատարից վերածվել մշտական կամակատարի։
Հարություն Ավետիսյան