Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն. Տոյվո Կլաար. news.am
Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, NEWS.am–ին տված մեկնաբանությունում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հեռանկարներին:
«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, եւ այնպետք է ողջունել: Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով: Նման երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը, և ոչ թե առճակատումը բորբոքելուն: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- նշել է Կլաարը:
Մարտի 13-ին Արցախի արտգործնախարարությունն արձագանքեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հայտարարությանը, որով առաջարկվում էր Բաքվում հանդիպում կազմակերպել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերաինտեգրման շուրջ շփումները շարունակելու նպատակով»:
«Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման»,- հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա, ըստ հայտարարության, Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:
Արցախի խորհրդարանի խմբակցությունները նույն օրը տարածած հայտարարությամբ շեշտել էին, որ Ադրբեջանի գործողությունների պայմաններում ուղիղ երկխոսության մասին խոսակցություններն անընդունելի են:
Տոյվո Կլաարը նաև մտահոգություն է հայտնել «հրադադարի խախտումների» առնչությամբ և կոչ արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը:
«10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծում և միջազգային սահմանին հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգություն են առաջացնում: Եվրամիությունը խստորեն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: Երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու պայմաններում բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող ընդունելի լինել: Ինչպես նշել ենք բազմիցս, Եվրամիությունը նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու կոչը, հորդորում գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցական ծառայությունների մատակարարումն իրականացնել անխափան»,- նշել է Կլաարը:
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանցի ինքնահռչակ էկոակտիվիստների կողմից: Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերի աճ է գրանցվել: Մարտի 5-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն հարձակում կատարեցին Արցախի տարածքում, ինչի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հայաստանի արտգործնախարարությունը կատարվածը ահաբեկչական գործողություն էր որակել: