Հայ ժողովրդի հանճարեղ զավակը. Եղիշե Չարենցի ծննդյան օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին
Մի խումբ գրողներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ընթերցասերներ և պարզապես հետաքրքրասերներ Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, ծաղիկներ խոնարհեցին մեծ գրողի հուշարձանի մոտ:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց հատկապես աշակերտների մասնակցությունը՝ շեշտելով, որ հենց նրանք են ապագան և կարդալով, զարգանալով, նրանք ընթերցանության հանդեպ սերը կփոխանցեն հաջորդ սերունդներին:
«2022-ին Պոեզիայի համաշխարհային օրվան կազմակերպված միջոցառումները նվիրել էինք Չարենցին: Ներկա էին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք իրենց լեզուներով մատուցեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Հետո և՛ հուշարձանի մոտ, և՛ հեղինակի տուն-թանգարանում տարբեր միջոցառումներ անցկացրինք և տարվա ընթացքում հրատարակեցինք Չարենցին նվիրված «Ես եմ հիմա…» ժողովածուն»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց, որ 2022-ին Չարենցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որոնց մասնակցել են բազմաթիվ դպրոցականներ:
Ըստ Միլիտոնյանի՝ Չարենցը և՛ պոեզիայով, և՛ արձակով աննման է: «Նրա «Երկիր Նաիրի» վեպը և այլ գործեր, նրա թագմանությունները, հոդվածներն աննման են: Նա հսկայական գործ է արել, որը պետք է գիտակցեն թե՛ պատանիները, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչները: Գրողը չպետք է փոքր շրջանակի, այլ լայն հասարակության համար լինի, սակայն պարտադիր չէ, որ ընկալեն նրա բոլոր ստեղծագործությունները: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլորն են սիրում, բայց Չարենցն ունի բանաստեղծություններ ու պոեմներ, որ պարտադիր չէ բոլորն ընկալեն: Դրա համար բարձր պոետական ճաշակ է հարկավոր: Նրա հրապարակախոսությունը, ազգային մոտեցումներն արդիական են մինչ օրս»,-եզրափակեց միության նախագահը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը տեղեկացրեց, որ մարտի 13-ի երեկոյան երկու ցուցադրություն կբացեն: «Ցուցադրություններից մեկը կրում է «Նվեր հոբելյանին. Չարենց-125» խորագիրը, իսկ մյուսը՝ «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունը: Մարինե Մանասյանի կատարմամբ կհնչեն հեղինակի խոսքերով երգեր: Բավականին հետաքրքիր ու մտերմիկ միջավայր կլինի»,-նշեց նա:
Մանուկյանը հիշեցրեց, որ 2022-ին մեծ գրողի 125-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև ստորագրվել է հուշագիր՝ համատեղ ջանքերով գրողի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը («Երկերի ժողովածու» 13 հատորով) լույս ընծայելու նպատակով: «Առաջին հատորի աշխատանքներն արդեն ավարտված են: Հույս ունեմ՝ առաջիկայում կլինի գրքի շնորհանդեսը»,-շեշտեց նա:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ Չարենցն իր պապիկն է, իր արյունն է, բայց նա նաև հայ ժողովրդի հանճարեղ զավակն է: «Նախորդ տարի բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին, և ժողովուրդը նրա կողքին կանգնեց, ինչպես Չարենցն էր ժամանակին ժողովրդի կողքին: Չնայած Չարենցն իր կյանքի վերջին տարիներին միայնակ էր, նրան ոչ ոք չէր այցելում, բայց այսօր նրա կողքին է ամբողջ հայ ժողովուրդը: Այդպես էլ պետք է լինի դարերով»,-ընդգծեց Գոհար Չարենցն ու մեջբերեց մեծ գրողի խոսքերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան»:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունն ու Չարենցի տուն-թանգարանը: