Ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի եզրափակիչ օրը՝ նվիրված «Բնակչության աճ» նպատակին
«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների մեծամասնությունը՝ թվով 88 մասնակից, կարծում է, որ սխալ է բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում կա գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն: Նրանց կարծիքով՝ առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածության:
Այս մասին համաժողովի երրորդ օրվա՝ «Բնակչության աճ» նպատակի քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ, վերահսկիչ հանձնախմբի անդամ, ամերիկաբնակ Նարինե Գրիգորյանը:
Մասնակիցներից 84-ը կարծում է, որ բնակչության աճ գրանցելու համար պետք է ապահովել ծնելիության աճը, արտագաղթի նվազեցում և ներգաղթի ավելացում պետք է լինի:
« 83 մասնակից կարծում է, որ Ճիշտ է առաջին հերթին արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը, իսկ պատմական սփյուռքի ներգաղթի կազմակերպման օգտին քվեարկել է մասնակիցներից 30-ը: 112 մասնակից համաձայն է այն տեսակետի հետ, որ ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն: Մինչև այժմ այն ընկալվում է սոսկ որպես սոցիալական օժանդակության գործիք»,- ասաց Նարինե Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նախաձեռնությունների առաջնահերթությունների ամրագրման թեմայի վերաբերյալ ներգաղթի կազմակերպման քարոզչության գործակալության ստեղծման տարբերակը ընտրել է 124 հոգի, «Երեխաները՝ նախ և առաջ» նախաձեռնության տարբերակը ընտրել է 110 մասնակից, հանրային առողջության, առողջ ապրելակերպի իրազեկում նախաձեռնության տարբերակը ընտրել է 107-ը: Երիտասարդ ընտանիքներում կոմֆլիկտների կառավարման աջակցության կառույցների ստեղծման տարբերակը ընտրել է 88-ը, ԱՄՆ կոնգրեսի սոցիալական ապահովության օրենքում լրացում կատարելու լոբբինգ տարբերակը ընտրել է 85-ը:
«Նախաձեռնությունների առաջնահերթությունների ամրագրում թեմայի հարցում սփյուռքի համայնքների հաջողված փորձի պորտալի ստեղծման տարբերակը ընտրել է 30 մասնակից, սփյուռքում քաղաքացիական ասամբլիաների կազմակերպման անհրաժեշտության հարցը ընտրել է 53-ը, իսկ մասնագիտական համահայկական համաժողովների կազմակերպում տարբերակը ընտրել է մասնակիցներից 70-ը»,- եզրափակեց հանձնախմբի անդամ Նարինե Գրիգորյանը: